21 մայիս, 2019 15:53

Վարչապետի կոչը մտահոգիչ է, դատական բարեփոխումների նրա ցանկությունը՝ ողջունելի․ ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հանդես է եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչի առնչությամբ, միևնույն ժամանակ ողջունելով դատական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մղումը։ Հայտարարությունը՝ ստորև․

«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է ձեռնպահ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական ոլորտի վրա ճնշման գործադրում»,- նշված է Յուլիա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելի հայտարարությունում, որը հրապարակված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում: Համազեկուցողները նշում են, որ Փաշինյանի կոչը հաջորդել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դատավորի որոշմանը:

«Առանց այս որոշման առավելությունների հանդեպ վերապահում անելու՝ ուզում ենք ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայման է, օրենքի գերակայությունն էլ լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների կողմից ցանկացած միջամտության բացակայության պայմաններում։

Առկա են հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսին է՝ ավելի բարձր ատյանի դատարան դիմելը, բողոքարկելու մի որոշում, որը կասկածելի է թվում։

Օրենքի գերակայության հանդեպ հարգանքը ենթադրում է հարգանք այն ընթացակարգերի հանդեպ, որոնք գոյություն ունեն՝ պաշտպանելու բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք։

Այդուհանդերձ, մենք ընդունում ենք, որ հանրության արձագանքը դատական այս որոշմանը շեշտադրում է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը։ Դատական բարեփոխումները շարունակում են մնալ առաջնահերթություն, և մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական ոլորտում հեռահար բարեփոխումների ցանկությունը, հատկապես, կոռուպցիայի դեմ պայքարի մասով, ինչպես նաև ողջունում ենք նրա՝ այդ հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցելու ձգտումը»,- ասված է հայտարարությունում։