22 մայիս, 2019 10:56

Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսարևելյան զորամասերից մեկը

Մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ 

Զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում, ՀՀ պաշտպանական գերատեսչության  ղեկավարը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:

Դավիթ Տոնոյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, միջազգային ու տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմանների ապահովման հիմնական գրավականները:

Վանաձորում Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։

Շնորհավորելով բնակարանամուտ տոնող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` Տոնոյանը մաղթել է նրանց նոր հարկի ներքո ընտանեկան երջանկություն ու ջերմություն` վստահություն հայտնելով, որ բնակարանամուտը խթան կհանդիսանա նաև զինվորական ծառայությանը նոր լիցքերով ու եռանդով լծվելու համար:

Նախարարը նաև շեշտել է, որ բնակարանների բաշխումն իրականացվել է բանակային զորամիավորման հրամանատարության որոշման հիման վրա՝ հաշվի առնելով սպաների բնութագիրը, բնակարանային պայմաններն ու ծառայողական գործառույթները։