27 մայիս, 2019 14:23

Ադրբեջանի հիմնադրումը. դրվագներ 1918-1920թթ․ Երևան-Բաքու հարաբերություններից

1918 թվականի մայիսի 27-ին Թիֆլիսում Մուսուլմանական ազգային խորհուրդը «Արևելյան և Հարավային Անդրկովկասը» հռչակեց անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական հանրապետություն: Քանի որ հռչակման ակտը գրավոր ընդունվեց հաջորդ օրը՝ մայիսի 28-ին, հենց այդ օրն է համարվում Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կամ Մուսավաթական Ադրբեջանի անկախության օրը:

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները հակասական էին՝ լի արյունալի, բայց նաև՝ համագործակցության որոշ դրվագներով:

Անդրկովկասյան երեք հանրապետությունների փաստացի անկախության հռչակումից մի քանի օր անց՝ հունիսի 1-ին, Վրաստանի ռազմական նախարար Գեորգաձեն Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Ահարոնյանին հղած գրավոր տեքստով անթույլատրելի համարեց «Վրաստանի տարածքում օրենսդիր և վարչական գործառույթներով օժտված որևէ այլ քաղաքական մարմնի գոյությունը», քանի որ դա նշանակում է «վրացական ժողովրդի ինքնիշխան իրավունքների խախտում»։

Վրացիները հայ գործիչերից բացի, նույն վերաբերմունքն ունեին թաթարների՝ ադրբեջանցիների հանդեպ, այն է՝ Թիֆլիսից հեռանալ, մինչդեռ և հայերը, և թաթարները չէին շտապում։ Ապա վրացիները հայերից և ադրբեջանցիներից պահանջեցին անմիջապես լքել նաև Անդրկովկասի Դաշնային Հանրապետության ղեկավարության նստավայրը՝ նախկին փոխարքայի պալատը։ Հայերը հեռացան, ադրբեջանցիները՝ համառեցին, ինչին ի պատասխան վրացիները նրանց հեռացրեցին ֆիզիկական ուժով։

Այդ մասին ասվում է հունիսի 2-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի և նրա նախագահ Ավետիս Ահարոնյանի՝ Երևանի Ազգային խորհրդին հղած նամակում. «Վրացիները պահանջեցին անմիջապես պալատից հեռանալ: Մենք հեռացանք՝ նախքան մեզանից պահանջեին, թուրքերը համառեցին, բայց այսօր նրանց պարզապես վռնդել են»։

Նույն օրը՝ հունիսի 2-ին, Թիֆլիսի Հայոց և Մուսուլմանական ազգային խորհուրդները համատեղ նիստում որոշում ընդունեցին, որ «յուրաքանչյուր խորհուրդ կշարունակի մնալ Թիֆլիսում այնքան ժամանակ, ինչքան դա անհրաժեշտ կլինի իրերի բերումով»։

Ահարոնյանը նամակում նաև գրում է, որ «հայ և թուրք [թաթար, ադրբեջանցի] պատվիրակները միասին ժողովներ են անում՝ մի ընդհանուր վարմունքի գիծ ունենալու, քանի որ երկուսի շահերն էլ ընդհանուր են: Ռուսաստանի հեռանալով և Վրաստանի անկախանալով՝ հայերն ու թուրքերը կարծես մենակ մնալով՝ մոտենալ են փորձում իրար: Գուցե այս ճանապարհով մեզ ավելի նպաստավո՞ր լինի և թուրքերի շնորհիվ հաջողվի՞ մեզ տաջիկների [օսմանյան թուրքերի] վայրագությունը մեղմել և ապահովել հայ տարրի ֆիզիկական գոյությունը»։

Ի վերջո, և հայ, և մուսուլման՝ թաթար գործիչները շաբաթներ անց հեռացան Թիֆլիսից, հայերը՝ դեպի Երևան, թաթարները՝ այսօրվա Գյանջա, քանի որ Բաքուն գտնվում էր Ստեփան Շահումյանի իշխանության տակ։

Եթե վրացիները Երևան մեկնող Հայաստանի ապագա ղեկավարներին անգամ ճանապարհելու չէին եկել Թիֆլիսի կայարան, ապա ադրբեջանցիները ջերմ ընդունելություն ցույց տվեցին հայ նախարարներին՝ վարչապետ Քաջազնունու գլխավորությամբ, երբ վերջիններս հասան ադրբեջանական Աղստաֆա կայարան։

«Շատ սիրալիր ընդունեցին մեզ Ադրբեջանի սահմաններում: Վագոն է մտնում գավառապետի օգնականը և Գանձակի նահանգապետի կողմից ողջունում է Ազգային խորհրդին, որը երկու օր սպասել է Ազգային խորհրդին և հետո վերադարձել Գանձակ: Միևնույն ժամանակ հայտնում է, որ Ղազախում գիշերելու համար պատրաստված է առանձին տեղ: Կայարանում մի քանի ճառեր արտասանվեցին և Ազգային խորհրդի գալու առթիվ նվագում էր սազանդարանների խումբը»,- գրել է «Աշխատանքի դրոշակ» թերթը։

ՀՅԴ-ական Արտաշես Բաբալյանը, որը Թիֆլիս-Աղստաֆա գնացքում էր, «Հայրենիք» ամսագրում գրել է․«Ջերմ ընդունելության հանդիպեցինք Ղազախում Ադրբեջանի իշխանության կողմից»։ Նույն գնացքով Երևան մեկնող մեկ էլ այլ երևելի ՀՅԴ-ական, ՀՀ չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանը իր «Հայաստանի Հանրապետությունը» կոթողային գործում գրել է․«Ինչքա՜ն տարբեր էր վերաբերումը Ադրբեջանում։ Սահմանի վրա հայկական կառավարությունն ընդունվեց զինվորական պատիվներով․ընդառաջ էին եկել նահանգապետը և Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները։ Աղստաֆայում և Ղազախում տրվեց պաշտոնական ընդունելություն․ճաշ էր պատրաստված ի պատիվ հյուրերի։ Թուրք գյուղացիները համակրանքով էին դիմավորում հայ ներկայացուցիչներին, որոնք մինչև Հայաստանի սահմանն անցան բարեկամական ցույցերի միջից»։

1918-1920 թվականներին Հայաստանն ու Ադրբեջանը ունեին դիվանագիտական հարաբերություններ, Բաքվում գործում էր Հայաստանի, Երևանում՝ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը՝ դեսպանների մակարդակով:

Ադրբեջանում Հայաստանի դեսպանը եղել է Տիգրան Բեկզադյանը, ապա՝ Մարտիրոս Հարությունյանը։ Երևանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչը եղել է Աբդուռաման բեկ Հախվերդովը, ապա՝ Թեմուր բեկ Մակինսկին:

Հայաստանի համար կենսական անհրաժեշտության այնպիսի ապրանքներ, ինչպես նավթը և հացը, ստացվում էին նաև Ադրբեջանից: Պատահական չէ, որ 1918-ի ամռանը և աշնանը Պոլսում գտնվող հայկական պատվիրակությունը փորձում էր Էնվերի և Թալեաթի միջնորդությամբ նավթ և հաց ստանալ Ադրբեջանից: Այդ շրջանում, Ադրբեջանը փաստացի ղեկավարվում էր երիտթուրքերի կողմից: Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճեր կային, ադրբեջանցի առաջնորդները, որպես ճնշման և հայերից զիջումներ կորզելու միջոց, հրաժարվում էին հաց և հատկապես նավթ վաճառել Հայաստանին:

1919թ. մարտին հրաժարական տվեց Ֆաթալի Խան Խոյսկու կառավարությունը: Ադրբեջանի վարչապետ դարձավ Նասիբ Բեկ Ուսուբբեկովը, որի կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռը և Աբրահամ Դաստակյանը (Դաստակով): Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն: Դաստակյանը, որ ծնվել է Շուշիում, զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի: Համասփյուռը եղել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր։

Ադրբեջանի խորհրդարանում եղել են ազգությամբ հետևյալ հայ պատգամավորները՝ մի մասը անկուսակցական, մյուս մասը` ՀՅԴ-ական: ՀՅԴ-ական պատգամավորներն էին՝ Արշակ Մալխասյան, Խորեն Համասփյուռ, Պողոս Չուբարյան, Աբգար Պապյան, Ալեքսանդր Տեր-Ազարյան, Բոգդան Բալայանց, անկուսակցականներ՝ Արշակ Պարոնյան, Երվանդ Թաղիանոսով (Թաղիանոսյան), Իսահակ Խոջաև (Խոջայան), Ստեփան Թաղիանոսով, Գեորգի Շահնազարով:

Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում որևէ մահմեդական չի եղել, մինչդեռ խորհրդարանն ունեցել է մահմեդական կամ թաթար, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցի պատգամավորներ։

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ամենաբարդը տարածքային վեճն էր: Երկու նորանկախ հանրապետությունները պայքարում էին Նախիջևանի, Զանգեզուրի և Արցախի համար: 1919-ին Ադրբեջանը հավակնություններ ուներ հետագայում Թուրքիայի մաս կազմած Կարսի մարզի և Սուրմալուի գավառի նկատմամբ: Ադրբեջանցիները տարածքային հավակնություններ ունեին այսօրվա Տավուշի մարզի նկատմամբ: Հայաստան-Ադրբեջան սահմանի Նոյեմբերյան-Ղազախ հատվածում տեղի են ունեցել պատերազմական գործողություններ: Ադրբեջանցիները տարածքային հավակնություններ ունեին նաև Արարատյան դաշտավայրի մի շարք շրջանների՝ Վեդիի և Մասիսի նկատմամբ, որտեղ տեղի են ունեցել ադրբեջանական խռովություններ:

Նախիջևանը բրիտանացիների օգնությամբ 1919-ի գարնանը միացվեց Հայաստանին, սակայն Հայաստանը միայն երկու ամիս կարողացավ պահել այն: Մյուս կողմից, բրիտանացիները ամեն ինչ անում էին, որ Զանգեզուրն ու Արցախը մնա Ադրբեջանի կազմում:

1918-1920թթ. մի կողմից Արցախը չի ենթարկվում Ադրբեջանին և մաս չի կազմում Ադրբեջանի, մյուս կողմից՝ Հայաստանը չի կարողանում Արցախը միացնել իրեն, ինչպես դա հնարավոր եղավ 1919-ին Նախիջևանի և Կարսի դեպքում։ 1920 թվականի մայիսին Արցախի Չանախչի գյուղում, այսօր՝ Ավետարանոց, տեղի է ունենում Դրոյի, Նժդեհի, գնդապետ Դմիտրի Միրիմանյանի և Արցախում ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի խորհրդակցությունը, որոշվում է Ղարաբաղում իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Հայաստանի զինված ուժերը՝ Դրոյի և Նժդեհի գլխավորությամբ, նահանջում են դեպի Գորիս և Կապան։

Զանգեզուրը, ի վերջո, հնարավոր եղավ պահել, և Հայաստանի կարևորագույն այդ երկրամասը մնաց Խորհրդային Հայաստանի կազմում:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների ամենատխուր էջերից մեկը փոխադարձ էթնիկ զտումներն էին, որոնք ուղեկցվել են ջարդերով ու կոտորածներով: Թեև ոչ ամբողջովին, սակայն Բաքուն 1918-1920թթ․ կարողացավ հայերից մաքրել Ադրբեջանի բազմաթիվ շրջաններ: Նույն ժամանակահատվածում, հատկապես 1920-ի ամռանը, հայկական կառավարությունը Արարատյան դաշտավայրը մաքրեց մուսուլման, առաջին հերթին թաթար՝ ադրբեջանցի տարրից: