27 մայիս, 2019 15:38

Մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա․ այսօր Սյունիքի մարզում տեղի ունեցած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ իրենց քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, որոնք հավատում են իրենց ուժերին և գիտեն ինչպես իրականացնել իրենց գաղափարները ՀՀ-ում։

«Տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա՝ կապ չունի, թե ինչ մակարդակի ջանք է դա, որովհետև այն, ինչ մենք ունենք իրականում, նախ ունենում ենք որպես գաղափար: «Տաթևեր»-ը, որը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, մի խումբ մարդկանց գաղափար է: Եվ մեր մեծագույն խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու և այն իրագործելու համարձակությամբ օժտելն է»,- հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տնտեսական մարզային ֆորումները ծառայում են հենց այն նպատակին, որ այս ուղերձը Հայաստանի ամեն մարզ հասնի։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ և վերլուծությամբ՝ խոշոր ներդրողները գնում են առաջին հերթին տաղանդավոր մարդկանց հետևից։

«Եվ մեր խնդիրն է ցույց տալ, որ ՀՀ-ում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնք կարող են ոչ միայն իրենց երազանքները իրականացնել, այլև միջավայր դառնալ, միջավայր ստեղծել ուրիշի երազանքների համար՝ նույնիսկ գլոբալ երազանքների իրականացման համար։ ՀՀ-ում ապրում են տաղանդավոր մարդիկ։ Նրանցից շատերը գուցե այդ մասին չգիտեն, և մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք տեսնեն, հավատան և հաղթեն» - ասաց վարչապետը։

Լուսինե Վարդանյան