28 մայիս, 2019 12:09

1988-ի Մայիսի 28-ը. Խորհրդային Հայաստանում առաջին անգամ այդ օրը նշել է ԱԻՄ-ը

Մայիսի 28-ը առաջին անգամ Խորհրդային Հայաստանում նշվեց Օպերայի հրապարակի բազմամարդ հանրահավաքով:

Հիմնական կազմակերպիչը ԱԻՄ-ն էր՝ Մովսես Գորգիսյանի և Մեխակ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Կազմակերպչական աշխատանքներին մասնակցում էր նաև «Մաշտոց» միավորումը։ Հանրահավաքից օրեր առաջ նրանք թռուցիկներ էին բաժանել մարդկանց՝ Մայիս 28-ին հրավիրելով Օպերայի հրապարակ։ Հանրահավաքին ներկա էին նաև «Գոյապայքար» երիտասարդական կազմակերպության և նոր ձևավորվող «Անկախության բանակի» անդամները։

«Մաշտոց»-ի հիմնադիրներից Մայիս Վանոյանը հիշում է, որ հանրահավաքից մի քանի օր առաջ միավորման ղեկավար Ռաֆայել Իշխանյանի և համակիրների հետ այցելել էին Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի շիրիմին։

Մայիսի 28-ին Օպերայի հրապարակում մարդիկ ձեռքերում պարզել էին Անդրանիկի, Նժդեհի, ֆիդայինների նկարները, նաև՝ Պարույր Հայրիկյանի, ով այդ օրերին Մոսկվայում ձերբակալված էր:

Վանոյանը հիշում է Մովսես Գորգիսյանի առաջին խոսքերը՝ «Ժողովո՛ւրդ, մի բան եմ ցույց տալու, չվախենաք»։ «Նա բարձրացրեց եռագույնը։ Այդ նույն ժամանակ, հանրահավաքի մասնակիցներից մի քանիսը տարբեր տեղերից պարզեցին եռագույն դրոշներ։ Հրապարակը լցվեց եռագույնով։ Անմոռանալի օր էր»,- հիշում է Վանոյանը։

Տեսագրված կադրերում երևում է Գորգիսյանը։ Նա դիմում և գոտեպնդում է ժողովրդին. «Չվախենա՛ք բարձրացնել հանրապետության եռագույն դրոշը»:  Նա ասում է՝ եռագույնը ոչ թե Դաշնակցության, այլ Հանրապետության դրոշն է:

«Հայ ազգը այսօր Սովետական Միության կազմի մեջ տոնում է մեր պետականության օրը, դա մեզանից խլել անհնար է: Ուղերձ ենք պատրաստել. դիմում ենք Հայաստանի և ՍՍՀՄ կառավարությանը և խնդրում ենք մի բան. այսօր մայիսի 28-ը 1918 թվականին հռչակվեց հայկական հանրապետության օր և պարտավոր է կառավարությունը պետականորեն, ինչպես ընդունվեց Ապրիլի 24-ը, ընդունվեց սգո տոն, այնպես էլ մեր հանրապետության ստեղծման օր»,- հավաքվածներին դիմում է Գորգիսյանը:

Նա քննադատում է Խորհրդային Հայաստանի իշխանություններին, ովքեր հերյուրանքեր են տարածում Հայրիկյանի հասցեին. «Մեր հարգարժան Դեմիրճյանը հայտարարեց, որ նրան գնդակահարելն էլ քիչ է: Ի՞նչի համար, ո՞ր մեղքի համար»:

«Կեցցե ազատ և անկախ Հայաստանը: Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու», ասելու էր նա ուղիղ մեկ տարի անց Մատենադարանի մոտ հանրահավաքում:

Հանրահավաքի ժամանակ բացվում են Օպերայի դռները։ Երևանի քաղաքային իշխանության ներկայացուցիչները պահանջում են հրապարակից հանել եռագույն դրոշները, սակայն՝ անօգուտ։ Կարճ ժամանակ անց հեռուստատեսությամբ ելույթ է ունենում Սիլվա Կապուտիկյանը։ Բանաստեղծուհին բացատրում է, որ եռագույնը պառակտում է ազգին՝ միմյանցից բաժանում Հայաստանին ու Սփյուռքին։

Օպերայի հրապարակում խոսափողին մոտենում է Ռաֆայել Իշխանյանը. «Ոմանք ասում են՝ դաշնակցական Հայաստան: Դա կոպիտ սխալ է: Այդպիսի բան չկա: Երբ լեյբորիստները հաղթում են Մեծ Բրիտանիայում, ոչ ոք չի ասում լեյբորիստական Մեծ Բրիտանիա»:

Նա պատմում է, որ 1918-ին հայերը առանց կռվի նահանջեցին Էրզրումից, Կարսից, Ալեքսանդրապոլից և հասան մինչև Ղարաքիլիսա, որտեղ մեր զորքերը պարտվեցին: «Եվ ահա հակառակորդը եկավ-հասավ Երևանին: Հայկական զորքերի գերագույն հրամանատարությունը Նազարբեկովի ղեկավարությամբ որոշել էր Երևանը հանձնել հակառակորդին և պաշտպանությունը կազմակերպել Սևանա լճի մոտ: Այդ որոշմանը համաձայնություն էր տվել Թիֆլիսի Ազգային խորհուրդը: Այդ ժամանակ Երևանում կար մի մարդ, ով ասաց՝ ո’չ, եթե մենք հանձնենք Երևանը, ապա մենք հանձնում ենք Հայաստանը: Եթե հանձնում ենք Երևանը, դա նշանակում է վերջակետ հայ ժողովրդին: Այդ մարդը Արամ Մանուկյանն էր: Ես ցավոք նրա նկարը այստեղ չեմ տեսնում»:

Ռաֆայել Իշխանյանի ավագ որդին՝ Ավետիքը, ով «Ղարաբաղ» կոմիտեի (հինգ հոգանոց գաղտնի խմբի) անդամ էր, հիշում է, որ կոմիտեն իր մեծամասնությամբ դեմ էր 1988 թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախության օրը նշելուն. «Երբ Մովսես Գորգիսյանն իր համախոհներով կազմակերպեց անկախության նշումն Ազատության հրապարակում, և առաջին անգամ բարձրացվեց եռագույն դրոշը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից երևի միայն ես էի այնտեղ ներկա»:

Ավետիք Իշխանյանը նշում է, որ «Ղարաբաղ» կոմիտեից անկախության կողմնակից էին ինքը, Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը, Բաբկեն Արարքցյանը, Սամվել Գևորգյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Դավիթ Շահնազարյանը:

Մայիս 28-ի հանրահավաքի մասին «Գոյապայքարի» երիտասարդները հոդված տպեցին իրենց ինքնահրատ թերթում։

«Մինչև մայիսի 28-ը շատ քիչ թվով մարդիկ եռագույն կրում էին թևկապի կամ կրծքանշանի տեսքով, բայց երբեք դրոշ չէիր տեսնի: Այդ օրվանից հետո եռագույնը կարելի է ասել մտավ կենցաղ: Ամենուր եռագույներ էին՝ հանրահավաքներում, ցույցերում»,- ասում է Վանոյանը:

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: