30 մայիս, 2019 13:37

«Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը կարող է կրճատվել մեկ տարով

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ԱԺ-ում ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագիծն առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինվորական ծառայության ժամկետը երեք տարուց նվազեցնել երկու տարվա։ Բալայանը նշեց, որ ծրագիրն այդպիսով ավելի գրավիչ կդառնա, սակայն պայմանները կխստացվեն։

Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքը 36-ից կդառնա 40, հազվագյուտ մասնագիտությունների դեպքում՝ 45։

Ըստ նախագծի՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին կտրամադրվի տարկետում մինչև ուսման ավարտը:

Նախագծով նախատեսվում է նաև, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին:

Ապագայում նախատեսվում է նաև ներդնել պիլոտային ծրագիր, ըստ որի 18-ամյա զորակոչիկը կկարողանա զորամասում մասնագիտական կրթություն ստանալ։ Ծառայությունից հետո նա 5-7 տարի պարտավոր կլինի իր մասնագիտությամբ աշխատել պետական համակարգում։

Ժաննա Պողոսյան 

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի