30 մայիս, 2019 14:16

Ալիևն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։

Հանդիպմանը, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, քննարկվել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ադրբեջան այցելելուց առաջ միջնորդները Երևանում էին, որտեղ հանդիպումներ են ունեցել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի՝ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: «Այս համատեքստում կարևորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս տեսակետից ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման և լարվածություն առաջացնող գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում: Վարչապետ Փաշինյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձ են կատարել նաև մարդասիրական և մարդկանց միջև շփումների ոլորտներում քայլերի իրականացման հնարավորություններին:

Կարդացե՛ք

Զոհրաբ Մնացականյան․ Շուտով կարող են ներկայացվել Վիեննայի և Մոսկվայի համաձայնությունների հետ կապված «որոշ արդյունքներ»