30 մայիս, 2019 16:53

Արցախի ՊՆ-ը հերքում է, որ հայկական կողմի դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է սպանվել

Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, որ Ակնայի (Աղդամ) հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը։

«Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը, իրականությանը չի համապատասխանում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ուժերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և, միաժամանակ, ադրբեջանական կողմին հորդորում ձեռնպահ մնալ սադրիչ ապատեղեկատվություններով իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար քայլերից»,- ասված է հաղորդագրությունում: