30 մայիս, 2019 12:19

Գաճաճության և հեպատիտ Ց-ի դեղերի համար կփոխհատուցի պետությունը

Գաճաճություն հիվանդության հորմոնային դեղերը և հեպատիտ Ց հիվանդության հակավիրուսային դեղերը կհատկացվեն պետության կողմից դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։

Կառավարությունը մայիսի 30-ի նիստում որոշում կայացրեց ավելացնել բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի, որոնցում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ ցանկը ևս երկուսով․ պետության կողմից կփոխհատուցվի հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ հիվանդության դեղերը՝ հորմոնային դեղեր և վիրուսային հեպատիտ Ց հիվանդության դեղերը՝ հակավիրուսային դեղեր։

Որոշման ընդունմամբ դեղերն ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններից անվճար կստանա շուրջ 200 000 մարդ։

Մինչ այժմ Հայաստանում հիվանդությունները, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ, հետևյալն են․

  1. Տուբերկուլոզ (հակատուբերկուլոզային դեղեր),
  2. Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր),
  3. Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր),
  4. Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր),
  5. Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր),
  6. Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր),
  7. Պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր),
  8. Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո),
  9. Մալարիա (հակամալարիային դեղեր),
  10. Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր),
  11. Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր),
  12. Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (Բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր),
  13. Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)։

***

«Հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշի և վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդության դեղերի ձեռքբերման ծախսերը նախատեսվում են կատարել «Առողջապահություն» բաժնի «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի տնտեսումների և Հայաստանի Հանրապետության 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով Առողջապահության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2018 թվականի տվյալների` աշխարհում  շուրջ 257 մլն մարդ քրոնիկ վարակված են հեպատիտ Բ վիրուսով, 71 մլն՝ հեպատիտ Ց վիրուսով:

Տարեկան 1,3 մլն մարդ մահանում է սուր  վիրուսային հեպատիտներից և քրոնիկ վիրուսային հեպատիտների հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից:

«Հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշով Հայաստանում հաշվառված է 43 մարդ, որոնց բուժման համար անհրաժեշտ է աճի հորմոն:

Լիլիթ Աբովյան