30 մայիս, 2019 13:14

Սաակաշվիլիի հերթական գալուստը

Eurasianet-ի հոդվածագիր Գերոգի Լոմսաձեն գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադառնալու և քաղաքականության մեջ ընկղմվելու մասին։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ցնծությամբ վերադարձել է Ուկրաինա և պատրաստ է ոտնուգլուխ ընկղմվել քաղաքականության մեջ։

Ստանալ քաղաքացիություն, զրկվել դրանից, ապա նորից ստանալ։ Ուկրաինական անձնագրի շուրջ այս սագայի ավարտին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին եկավ Ուկրաինա: Իրեն հետխորհրդային օլիգարխների և ռուսական իմպերիալիզմի սպառնալիք անվանող քոչվոր քաղաքական գործիչն ասում է, որ մտադիր է վերադառնալ ուկրաինական քաղաքականություն, թերևս որպես նոր նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդականի կարգավիճակում:

«Կհանդիպենք Կիևում»,- մայիսի 28-ի իր տեսաուղերձում ասաց Սաակաշվիլին և հաջորդ օրը վայրէջք կատարեց Կիևի օդանավակայանում, որտեղ երկրպագուները նրան հոլիվուդյան աստղի նման դիմավորեցին: «Բորիսպոլ» օդանավակայանում նրան սպասում էին ուկրաինական ավանդական երգ ու պար, հեռուստատեսային տեսախցիկներ և «Միշա՛, Միշա՛»  վանկարկող համակիրների բազմություն։

Այնուամենայնիվ, այս ամենը նրա նախորդ այցի համեմատ կարող է պրոզաիկ թվալ: Վերջին անգամ ֆոտոգենիկ քաղաքական գործիչը ժամանել էր Ուկրաինա՝ համախոհների բազմության հետ անցնելով շփոթված սահմանապահների միջով: Այդ ժամանակ Պորոշենկոն ստիպված էր հատուկ ջոկատայիններին ներգրավել՝ իր նախկին դաշնակցից հակառակորդի վերածված մարդուն երկրից հեռացնելու համար:

Սաակաշվիլիի անձնագրերի և քաղաքական վերածնունդների հաշիվը հեշտ է կորցնել։ Վերջին հինգ տարիների ընթացքում նրան երկու անգամ քաղաքացիություն են շնորհել և երկու անգամ զրկել դրանից:

Վրաստանում 2012-ի ընտրություններում օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին պարտվելուց հետո, Սաակաշվիլին քաղաքական վերածնունդ ապրեց` որպես Ուկրաինայի շրջաններից մեկի նահանգապետ և Պորոշենկոյի դաշնակից, ի դեպ` նույնպես օլիգարխ: 2014-ին Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Սաակաշվիլիին զրկեց Վրաստանի քաղաքացիությունից այն բանից հետո, երբ Պորոշենկոն նրան շնորհեց ուկրաինականը: Այնուհետև Սաակաշվիլին և Պորոշենկոն վիճեցին, և 2017-ին վերջինս հետ վերցրեց Սաակաշվիլիի ուկրաինական անձնագիրը: Զելենսկին, որի երդմնակալությունը տեղի է ունեցել այս ամսվա սկզբին, Սաակաշվիլիին վերադարձրել է նրա ուկրաինական քաղաքացիությունը:

Սաակաշվիլին ասում է, որ Զելենսկիի կողքին նա ցանկանում է պայքարել օլիգարխիայի և Ուկրաինայի գործերին ռուսական միջամտության դեմ: Նրանք իսկապես կարող են ընկերանալ. երկուսն էլ ցանկանում են փոխել Ուկրաինան և երկուսն էլ քաղաքական շոումեններ են: Զելենսկին, օրինակ, շոումեն է ամենուղիղ իմաստով։ Նա խաղացել է Ուկրաինայի նախագահի դերը կատակերգական սերիալում, իսկ հետո նաև ստանձնել այդ պաշտոնն իրականում:

Սաակաշվիլին ասել է, որ ուրախ կլինի դառնալ Զելենսկիի խորհրդական, եթե իրեն կանչեն: Մայիսի 28-ին Վրաստանի «Ռուսթավի -2» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել էր. «Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի կիսեմ հաջողությունների և ձախողումների իմ փորձը»։ Չի բացառվում, որ Զելենսկին ընդունի նրա առաջարկը: «Ես կարծում եմ, որ նա լուրջ դիվանագետ և խորհրդատու է ցանկացած թեկնածուի համար, ով կդառնա նախագահ», - Սաակաշվիլիի մասին ասել էր Զելենսկին՝ այս տարվա մարտին:

Չարախնդալով իր թշնամի Պորոշենկոյի վրա՝ Սաակաշվիլին նաև մատ թափ տվեց իր վրացի հակառակորդ Իվանիշվիլիի ուղղությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վրացի միլիարդատերը Պորոշենկոյից հետո հաջորդն է լինելու, այնուհետև արդարադատությունը հաղթելու է, և իրեն վերադարձնելու են վրացական անձնագիրը։

Միևնույն ժամանակ, Սաակաշվիլիի թիվ մեկ թշնամին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բավական զարմանալի դիրք է զբաղեցրել մի մարդու քաղաքացիության վերաբերյալ, որին, ինչպես գիտեք, խոստացել էր կախել ինտիմ տեղից: «Արդարացի կլինի վերադարձնել Ուկրաինայի անձնագիրն այն անձին, որն անցյալում վրացի էր, իսկ այսօր իրեն ուկրաինացի է համարում: Ես նկատի ունեմ Սաակաշվիլիին»,- ասել էր Պուտինը ապրիլին: Կարծես թե, չնայած նրանց թշնամությանը, Պուտինն այնուամենայնիվ կարոտել էր Միշային:

Թարգմանությունը Զառա Պողոսյանի