31 մայիս, 2019 12:30

Թելեթոն-դրամահավաք ԱՄՆ-ում՝ հանուն ջավախահայ երիտասարդության

Հունիսի 2-ին ԱՄՆ-ում տեղի կունենա Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաք, որը նախաձեռնել է «Սփյուռքի միասնության հարթակ» նախաձեռնությունը։ Մարաթոնի նպատակն է գումար հավաքել Ախալցխայում մարզամշակութային կենտրոն հիմնելու համար, որը ծառայելու է հայ և վրաց երիտասարդների կարիքները հոգալուն։ Ապագայում նախատեսվում է նմանատիպ կենտրոններ կառուցել Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններում։

Ինչպես նշում է Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը, դրամահավաքի գաղափարը մարաթոնի միջոցով եզակի է իր բնույթով և մինչև այս պահը ոչ մի կազմակերպություն Հայաստանում, սփյուռքում կամ Ջավախքում չէր կազմակերպել նման մեծ մասշտաբի միջոցառում, որի միջոցով փորձ արվեր ընդգրկել ԱՄՆ-ի ու սփյուռքի հայության մեծ մասին Ջավախքին օժանդակելու գաղափարի շուրջ։

«Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է, որպեսզի այս ծրագիրը հաջողվի և ունենա իր շարունակությունը։ Դրամահավաք կազմակերպելու գաղափարը առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի մի շարք կազմակերպություններ, համագործակցելով Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի հետ, ավելի խորն են սկսել գիտակցել ու հասկանալ Ջավախքի խնդիրներն ու թե ինչ նշանակություն ունի այս շրջանը Հայաստանի ու Վրաստանի ազգային անվտանգության համար։ Կենտրոնի վերլուծությունների, առաջարկությունների հիման վրա կազմված ծրագրերից ԱՄՆ-ի Սփյուռքի միասնության հարթակը հավանության արժանացրեց հենց մարզամշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը, որի համար և կազմակերպվելու է Ջավախքի անդրանիկ թելեթոն-դրամահավաքը»,- գրել է Այվազյանը։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Էդուարդ Այվազյանը նկատեց՝ դրամահավաքի նպատակներից մեկը հայկական գործոնն ամրացնելն է, որով կարելի է դիմակայել թուրք-ադրբեջանական օրեցօր հզորացող տանդեմին։ Ինչ վերաբերում է Վրաստանի իշխանություններին՝ «նրանք դա ևս գիտակցում են և ըմբռնումով են մոտենում, ամեն ինչ լինելու է օրենքի սահմաններում»։ 

«Միջոցառմանը հրավիրվել են ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը և Լոս Անջելեսում Վրաստանի հյուպատոսը, ինչպես նաև ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր մշտական կապի մեջ են այնտեղի հայ համայնքի հետ։ Ծրագրի նպատակներից մեկն էլ հայ-վրացական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն է։ Վրաստանի դեսպանին և հյուպատոսին հրավիրելու նպատակն այն է, որ Վրաստանի իշխանությունները ևս ներգրավվեն այս գործընթացում, ու գաղափարը իրոք ծառայեցվի երկու ժողովուրդների կարիքներին։ Սա նաև առաջին համագործակցության հրավերն է Վրաստանի իշխանություններին հայկական սփյուռքի կողմից, որը կարող է դառնալ ավելի գործնական, ծրագրավորված և տևական՝ հիմնված փոխշահավետ պայմանների վրա»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ դրամահավաքի հիմնական նպատակը երիտասարդների խրախուսումն է Ջավախքում․ մարզամշակությային կենտրոնով արտագաղթի հարցերը չեն լուծվի, սակայն հնարավորություն կստեղծվի երիտասարդների մարզական և մտավոր ներուժի զարգացման համար։  

Դրամահավաք-թելեթոնի ուղիղ հեռարձակումը Ֆեյսբուքում և Յութուբում։

Ստելլա Մեհրաբեկյան