31 մայիս, 2019 12:41

WWF-ն սկսել է պատմության ամենաերկար ուղիղ եթերը

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) սկսել է պատմության ամենաերկար ուղիղ եթերը՝ ահազանգելով մոլորակի պլաստիկ աղտոտվածության մասին։

Հիմնադրամը ստորագրահավաք է սկսել համաշխարհային օվկիանոսը պլաստիկով աղտոտելու դեմ գլոբալ համաձայնության հասնելու նպատակով, և որպեսզի մոլորակի յուրաքանչյուր մարդ գիտակցի խնդրի լրջությունը, 450 տարի տևողությամբ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է պլաստիկ շշի քայքայումը։

Հենց այսքան ժամանակում է պլաստիկ մեկ շիշը ամբողջովին քայքայվում։ Մինչդեռ ամեն օր օվկիանոս է թափվում մոտ 8 միլիոն տոննա պլաստիկի թափոն, իսկ անցած տասնամյակում այնտեղ կուտակվել է ոչ պակաս, քան 150 միլիոն տոննա պլաստիկ թափոն։

Յուրաքանչյուր երկիր «պլաստիկի  ճգնաժամի» մաս է, այդ պատճառով էլ մարդկությանը հարկավոր է միասնական որոշում բոլոր կառավարությունների կողմից, որոնք պատրաստ կլինեն միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայր պլաստիկի արտահոսքի դադարեցման համար։ ՄԱԿ-ին հասցեագրված ստորագրահավաքը պետք է վերջինի ուշադրությունը հրավիրի ժամանակի ամենակարևոր բնապահպանական խնդրի վրա։

Բնապահպանները վստահ են՝ քանի որ ճգնաժամը ստեղծվել է միայն մեկ սերնդի կողմից, այն լուծելու համար հարկավոր է մոտավորապես հենց այնքան ժամանակ, այսինքն՝ անհապաղ գործել սկսելու դեպքում իրավիճակը դեռ կարելի է փրկել։

Ստորագրահավաքին արդեն միացել է մոտ 500 000 մարդ։

Լուսինե Վարդանյան