3 հունիս, 2019 10:26

Հայաստանը դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ Ադրբեջանի միտումնավոր քայլերը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները վերջին շրջանում։

«Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչն այսօր հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը: Ադրբեջանի այս գործողությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մայիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան առավելագույնս զսպվածություն ցուցաբերելու և լարվածությունից խուսափելու վերաբերյալ կողմերին ուղղված կոչով:

Այս վերջին զարգացումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Արցախի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը և դրան նպաստող միջավայրի ձևավորմանը, և հանդիսանում են լուրջ հետքայլ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկված բոլոր ջանքերից: Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ հանձնառությունները, որոնք ստանձնել է 2018թ. Միլանում, 2019թ. Վիեննայում և 2019թ. Մոսկվայում ընդունած վերջին համատեղ հայտարարություններով»,- ասված է հայտարարությունում։

***

Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից  մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ  հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված  Սիփան Սերժիկի Մելքոնյանը: