3 հունիս, 2019 14:06

Վե՞րջ խաղաղության դիսկուրսին, էլի զոհե՞ր

Վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան սահմաններում և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը կրկին լարվել է։

2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո և հատկապես անցյալ տարվա սեպտեմբերից իրավիճակը աննախադեպ հանդարտ էր։

Մենք և ադրբեջանցիները զոհեր չէինք տալիս, կրակոցների քանակը մի քանի անգամ պակասել էր, Տավուշի մարզի սահմանային ավելի քան 20 գյուղերի բնակիչները սկսել էին անգամ այն հողերը մշակել, որտեղ ոտք չէին դնում 2014-ի սահմանային սրացումից և դիվերսիոն գործողություններից ի վեր։

Դիվանագետները և երեք կողմերի արտաքին քաղաքական գերատեսչությունները կրկին վերադառնում են ոչ դիվանագիտական բառապաշարին։

Իսկ լրահոսում կրկին անմեղ զոհեր են։ Մենք կարդում ենք անսիրտ բառապաշարը՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է այսինչ այսինչի այսինչյանը։

Ընդամենը լուր և վերջ։ Իրականում, Հայաստանում և Արցախում ու նաև Ադրբեջանում ամեն զոհի հետ մի տան լույս է մարում։

Քանի դեռ մեր տան լույսերը վառ են, մենք չենք զգում կամ զգում, բայց լռում ենք, որ դժբախտ ընտանիքներին ավելացավ ևս մեկը։ 18-20-ամյա մի պատանի, ով սեր ուներ, մայր ուներ, քույր ուներ, սպասող հայր ու եղբայր ուներ, երազներ ուներ, ապրելու իրավունք ուներ։

Ինձ համար շատ հեշտ է մեղավորին փնտրել Բաքվում միայն։ Ես պատկերացնում եմ՝ փողոցում քանի մարդ ինձ կգովաբանի, թե ինչ հայրենասեր մարդ եմ, երբ դատապարտում եմ Ալիևին։ Բայց իմ հասցեն Բաքուն չէ։ Իմ հասցեն և բոլորիս հասցեները մարած լույսերն են։

Մենք չգնահատեցինք և չկարողացանք գնահատել այն խաղաղությունը, որ եկել էր վերջին մեկ տարում։

Արցախի անվտանգության հարցերով զբաղվող մի պաշտոյնա ծաղրուծանակի է ենթարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ նրան հարց են տալիս պատերազմի ու խաղաղության մասին։ Մի այլ զինվորական, որ կեղեքել է Արցախը, ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ընդդեմ հողերը հանձնելու ցույց է կազմակերպում։ Կուսակցական մի առաջնորդ հրապարակավ մտահոգություն է հայտնում, թե իր տեղեկություններով Թավշյա հեղափոխությունից հետո փամփուշտ իսկ չի հասել Արցախ։ Մարտի 1-ի արյան մեջ թաթախված նախկին ղեկավարները, որոնք Արցախից զորք էին բերել Երևանի կենտրոն ու ծեծուջարդի ենթարկել սեփական ժողովրդին, մտահոգված են և հայտարարում են, թե թույլ չեն տա, որ հողերը ծախեն։

Սրանք նույն պաշտոնյաներն են կամ նրանց պաշտպանները, որ հողերը հետ տալու մասին էին բանակցում և փաստաթղթերի տակ համաձայնություն դնում։ Սրանք նույն մարդիկ են, ովքեր կռիվ չունեն 2016-ի Ապրիլյան պատերազմում մեր հանցագործ անփութության հետ։

Խաղաղության մասին խոսակցությունները ընկալվեցին, հատուկ ընկալվեցին իբրև պարտվողականություն, հողեր զիջելու նախերգանք, թեև Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ միակ առաջնորդը, որ չի խոսել հող տալու մասին և չի ստորագրել որևէ փաստաթղթի տակ։

Մենք անթույլատրելի շռայլ գտնվեցինք։ Չգնահատեցինք, որ մոտ մեկ տարի մի գյուղում, մի քաղաքում, մեր հարևանի տանը լույս չի մարել։ Մենք կարող էինք քննադատել Փաշինյանին ամեն ինչում, բայց պետք չէր նրան կոմպլեքսավորել և խաղաղության դիսկուրսի հունից հանել։ Հանուն նրա, որ չավելանան մարած լույսերը։

Կարելի է մեկ, երեք, տասը տարի անդադար խոսել խաղաղության մասին, չհասնել որևէ լուծման, բայց էլի ու էլի խոսել խաղաղությունից, որովհետև որքան շատ ենք խոսում խաղաղությունից, այնքան խլացնում ենք անսիրտ դիպուկահարներին ու սպանության հրաման արձակողներին։ Գոնե՝ ժամանակավորապես։     

1991-1994 թվականներին Հայաստանում տիրում էր խաղաղության դիսկուրս, և այդ շրջանում էր, որ ունեցանք այն, ինչ որ ունենք։

Մեծ խաղաղասեր Հովհաննես Թումանյանը որդիներին պատերազմ էր ուղարկում, ինքը զենքը ձեռքին խաղաղություն փնտրում։

20-րդ դարի ամենախորքային հայ գործիչներից, ՀՀ հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունին որդիներին պատերազմ էր ուղարկում, ինքը խաղաղություն փնտրում Ադրբեջանի հետ։

Ադրբեջանցիների դեմ 1920-ի ամռանը կռվում սպանված որդու մասին պատմվածքում՝ «Արամը կամաւոր է գնում», Քաջազնունին պիտի գրեր․ «Ինձ վիճակված չէր վերջին համբույրը տալու Արամին. շա՜տ հեռու էի Երևանի հանգստարանից։ Ամերիկայում էի, երբ Արամի անշունչ մարմինը՝ արյան մի փոքրիկ բիծ ճակատին՝ զինվորական պատիվներով հանձնել էին հողին»:

Թաթուլ Հակոբյան