4 հունիս, 2019 17:14

Ատելության գրադարաններ՝ Ադրբեջանից Վրաստան

Ադրբեջանը վրացական գրադարաններ գրքեր է մատակարարում, որոնք հայերի դեմ ատելություն են քարոզում։ Չնայած հենց գրադարանները այդտեղ խնդիր չեն տեսնում, վրաստանաբնակ որոշ ադրբեջանցիներ վախենում են, որ դա կարող է նպաստել էթնիկ լարվածության առաջացմանը։ Ռաշիմ Շալիևի հոդվածը հրապարակվել է Oc-media.org կայքում։

Երբ Վրաստանի ադրբեջանցի Իմրան Գաֆարովը Մառնեուլի (քաղաք Վրաստանի հարավային Քվեմո Քարթլի մարզում, որտեղ ադրբեջանցիները մեծամասնություն են կազմում) հանրային գրադարանում նկատեց գիրք՝ լի տարածքային հավակնություններով և հայերի նկատմամբ ատելության խոսքով, նա չկարողացավ աչքերին հավատալ։

«Երբ ես այցելեցի Մառնեուլիի գրադարան, տեսա Ազիզ Ալեքպերլիի «Արևմտյան Ադրբեջանի հուշարձաններ» գիրքը։ Մտածեցի, որ այն Ադրբեջանի արևմուտքում գտնվող պատմական հուշարձանների մասին է։ Սակայն, երբ կարդացի, պարզ էր, որ գիրքը Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների մասին է։ Այն հայերի նկատմամբ թշնամական տարրեր էր պարունակում»,- ասել է Գաֆարովը OC Media-ին։

Գրադարանում կա գրքի երկու պատճեն։ 2006-ի հրատարակչության 13-րդ էջում խոսվում է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին։ 21-րդ էջում հեղինակը հավաստիացնում է, որ հայերը չորս անգամ ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ։ 2007-ի հրատարակությունը «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է պարունակում, որում Հայաստանում գտնվող տեղանքները նշված են ադրբեջանական տարբերակով։

Գրադարանում կան նաև պրոպագանդիստական այլ նյութեր, որոնք կարելի է բաժանել երեք տեսակի՝ Հայաստանի և հայերի նկատմամբ ատելության բորբոքում, Իրանի նկատմամբ անջատողական և տարածքային հավակնությունների աջակցում և պրոպագանդա իշխող՝ Ալիևների ընտանիքի անունից։

Իր «Վրաց-ադրբեջանական հողերը» գրքում հեղինակ Էլդանիզ Իբրահիմովը, չնայած հստակ չի ձևակերպում իր նպատակը, սակայն ակնհայտորեն սուր ակնարկներով Վրաստանի ադրբեջանցիներին դրդում է անկախության։ Չնայած նրան, որ գիրքը ենթադրաբար Ադրբեջանի հուշարձանների մասին է, այն սկսվում է 1918-ին Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալիմարդան Թոփչուբաշովի խոսքով․

«Քաղաքականությունից ավելի փոփոխական բան չկա։ Կյանքի նկատմամբ ունեցած մեր հույսերը ազատության և անկախության շրջանում արդարացված են։ Մենք երբեք չենք կորցրել հույսը։ Մենք միշտ հավատացել ենք, որ մեր մարդիկ կարող են ապրել ազատ, և որ մենք կանենք ամեն ինչ անկախության հասնելու համար։ Մենք երբեք չենք հրաժարվել այդ արժանի սկզբից և երբեք դա չենք անի, քանի որ չենք ճանաչում ավելի հզոր բան, քան այդ դրությունն է»։

Գրքի 9-րդ էջում հեղինակը հայտարարում է հետևյալը․ «Երբեմն հրապարակվում են Վրաստանի ադրբեջանցիների մասին որոշ հետաքրքիր հետազոտություններ։ Նրանց կյանքը, խնդիրները և կարգավիճակը ադրբեջանական ԶԼՄ-ների համար արդիական թեմաներ են։ Լրատվամիջոցները, այդ թվում վեբ կայքերը, հատուկ տեղ են հատկացնում վրաստանաբնակ ադրբեջանցիներին։ Սակայն դա բավական չէ։ Մեր մատը պետք է միշտ Բորչալուի (Քվեմո Քարթլիի որոշ հատվածի պատմական անունը) զարկերակի վրա լինի, քանի որ այդ շրջանը մեզ համար կարևոր նշանակություն ունի»։

Գրքի այդ մասերը ռուսերեն և անգլերեն թարգմանությունների մեջ չկան։

Նույն գրադարանում «Հայեր և փաստեր» (Армяне и факты) գրքի չորրորդ հատորի յուրաքանչյուր էջ պարունակում է ատելության սուր խոսք։ 1925-րդ էջում հայերը նկարագրվում են որպես «գնչուներ» և «ստրուկներ»։

«Թուրքիայում և Կովկասում հայերը եկվորներ են, որոնք գտել են ապրելու համար կատարյալ պիտանի հողեր։ Նրանք օգտվել են թյուրք ժողովուրդների հյուրընկալությունից և որոշել են հաստատվել այստեղ։ Սակայն նրանք չեն կարողացել իրենց գնչուական մեթոդներից ազատվել և դարձել են հզոր պետությունների քաղաքական խամաճիկը։ Նրանք դարձել են հավերժ թշնամիներն այն ղեկավարների, որոնց հպատակ էին առաջ»։

1942-րդ և 1943-րդ էջերում ատելության բացահայտ հռետորաբանություն կա․

«Կգա ժամանակը, երբ հայերը մարդկության կողմից կանիծվեն և գիտնականների, ճանապարհորդների ու պատմական դեմքերի կողմից կհիշվեն որպես երկերեսանի, կռվարար, անբարոյական, չար ժողովուրդ, որը խեղաթյուրել է պատմությունը, հուշարձանների, պատմական տեսարժան վայրերի և թուրքերին պատկանող տեղերի անունները փոխել է՝ դարձնելով դրանք հայկական»։

Բավականաչափ գրքեր կան նաև, որոնցում անջատողական պահանջներ կան Իրանի նկատմամբ, օրինակ՝ բանաստեղծ Հալիլա Ռզա Ուլություրքի աշխատանքները։ Քարոզչական այդ գրքերի մեծամասնությունը հրատարակվել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության պատվերով։

Լանա Խաշալաշվիլին՝ գրադարանի տնօրենը, OC Media-ին ասել է, որ ինքը տեղյակ չէ, որ գրքերում ատելության խոսք կա։

«Երբ գրադարանը նոր էր բացվել, Ադրբեջանի դեսպանությունը ադրբեջաներեն 800 գիրք նվիրեց։ Մենք լիազորություն չունենք ստուգելու այդ գրքերը, քանի որ գրադարանը դիտարկում ենք որպես արխիվ։ Մենք ցանկից գրքեր հանելու լիազորություն չունենք»,- ասում է նա։

Պարզապես արխիվ

Միայն Մառնեուլիի գրադարանում չէ, որ կան այսպիսի գրքեր։

2009-ի փետրվարին ադրբեջանական 525-ci Gazet թերթը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը Վրաստանի պառլամենտական ազգային գրադարան, Թբիլիսիի պետական համալսարան, Ադրբեջանական մշակույթի կենտրոն և Ադրբեջանի գրադարաններ, ինչպես նաև այլ հաստատություններ մեծ քանակությամբ գրքեր է ուղարկել։

«Այդ գրքերն ու ֆիլմերը Ադրբեջանի հարուստ մշակույթի, պատմության, գրականության և արվեստի, նրա ներկայիս արտաքին քաղաքականության, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության, համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի, նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի մասին են»։

Ըստ 525-ci Gazet-ի հաղորդման՝ ուղարկված գրքերի մեջ են եղել նաև «Հեյդար Ալիևը և մշակույթը», «Մեր մշակույթի և մշակութային արժեքների պաշտպանը», «Ալի Էյվազովի մարդասիրական առաքելությունը և բարեգործությունները» և «Հայկական ահաբեկչությունը» գրքերը։

2009-ի դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդել էր, որ Ազգային գրադարանը Վրաստան է ուղարկել 3488 գիրք։ Այդ գրքերը բաժանվել են կրթական հաստատություններին և գրադարաններին։

Գրքերից մեկը, որն ուղարկվել է Վրաստանի պառլամենտական ազգային գրադարան, Ակիֆ Նագիի «Ղարաբաղյան հակամարտություն․ կարճ պատմություն» աշխատանքն է։ Ներածությունում ասվում է, որ գիրքը «ներկայացնում է փաստեր հայերի՝ ադրբեջանցի ժողովրդի դեմ հեռու անցյալից եկող բնավորության, ագրեսիվության և էքսպանսիոնիզմի մասին փաստեր»։ Գրքի առաջինից վերջին էջերը լցված են հայ ժողովրդի հասցեին վիրավորանքներով։

Գրադարանում կան նաև գրքեր, որոնք փառաբանում են Ադրբեջանի իշխող ընտանիքը։

Գրադարանի տնօրեն Լևան Տակտակիշվիլիի խոսքով՝ հաստատության բոլոր գրքերին նույն ձևով են վերաբերվում, իսկ գրադարանը պարզապես արխիվ է։

Անմեղ մարդկանց խմբակային հրեշացնելը ճիշտ չէ

Չնայած նրան, որ էթնիկ ադրբեջանցի, ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Ահմադ Իմամգուլիևը չի կարդացել այդ գրքերը, նա OC Media-ին ասել է, որ կոնկրետ ժողովուրդների դեմ ատելության խոսքի կիրառումը անթույլատրելի է։

«Նորմալ է տալ ագրեսիվ պատասխան ցանկացած պետության կեղտոտ քաղաքականությանը։ Սակայն անմեղ մարդկանց խմբակային հրեշացնելը ճիշտ չէ։ Ազգային խմբերի հասցեին կոպիտ պիտակները անթույլատրելի են։ Օրինակ՝ մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանի կառավարությունը ագրեսոր է, բայց մենք իրավունք չունենք այդպիսի պիտակներ օգտագործել ռուս ժողովրդի հասցեին»։

Սակայն Իմամգուլիևը չի կարծում, որ այդպիսի գրքերը Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների միջև ատելություն են առաջացնում։ Նրա խոսքով՝ շատ մարդիկ այդպիսի գրքեր չեն կարդում։ Հավելում է, որ Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունները միշտ լավ փոխհարաբերություններ են ունեցել։

Վրաստանը չպետք է թույլ տա նման գրքերի ներմուծումը

Աիդա Տագիևան՝ Վրաստանի էթնիկ ադրբեջանցի և հասարակական գործիչ, կարծում է, որ ատելության խոսք պարունակող գրքերը պետք է հանվեն գրադարանից։

«Պարզապես ճիշտ չէ մարդկանց անվանել «ցածրոգի» կամ «երկերեսանի»։ Վրաստանը չպետք է թույլ տա այդպիսի գրքերի ներմուծումը»,- ասել է նա OC MEdia-ին։

Նրա խոսքով՝ այդպիսի գրքերը «հոգեբանական ազդեցություն» են ունենում վրաստանաբնակ ադրբեջանցիների վրա։

«Ադրբեջանի կողմից ճնշման արդյունքում վրաստանաբնակ ադրբեջանցիների մոտ 80 տոկոսը այժմ որոշակի ատելութուն է զգում հայերի նկատմամբ։ Չնայած դա առաջին հայացքից ակնհայտ չէ, որոշակի կոնտեքստներում զգացվում է։ Այդպիսի գրքերը ճնշումը ուժեղացնում են»,- ասել է Տագիևան։

Նա նաև հայտարարել է, որ ճնշումը Ադրբեջանի քաղաքականության մասն է։

«Ադրբեջանի կառավարությունը մեզ համարում է իրենց մի մասը։ Վրաստանաբնակ ադրբեջանցիները նրանց պետք են հայերի հանդեպ ատելությամբ լցված։ Եթե այստեղ հակամարտություն առաջանա, Բաքուն նրանց կօգտագործի իր շահերի համար»,- ասում է նա։ Նա հավելում է, սակայն, թե Վրաստանը հասկանում է, որ Ադրբեջանը պատերազմի ժամանակ շատ վնասներ է կրել։

«Մենք ցավում ենք դրա համար և միշտ դատապարտել ենք Խոջալուի ցեղասպանությունը։ Սակայն արդարությունը ատելությունից չի ծնվում։ Դա չի նշանակում, որ մենք պետք է վրաստանաբնակ հայերի հետ թշնամի լինենք։ Անմեղ մարդիկ, որոնք ապրել են պատերազմի ժամանակ, չպիտի դառնան թիրախ։ Նրանք, ովքեր ապրում են Վրաստանում, մեծամասամբ հակամարտությանը մասնակցություն չեն ունեցել։ Այդ հարցերը չպիտի լուծենք մենք, այլ՝ պետությունները»։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի