6 հունիս, 2019 22:10

Փաշինյանը Պուտինին պատմել է Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների մասին

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Երկու երկրների ղեկավարները կարևորել են առևտրատնտեսական հարաբերությունները և համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։

«Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է. 26 տոկոս, գրեթե 2 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ և շատ այլ պահեր, որոնք ի ցույց են դնում մեր հարաբերությունների հատուկ, գործընկերային բնույթը: Ուրախ եմ այսօր հնարավորություն ունենալ հանդիպել Ձեզ և խոսել համալիր հարցերի շուրջ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Փաշինյանը ևս կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերությունները, գոհունակություն հայտնել, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները շատ են այցելում Հայաստան։

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի որոշ հարցերի դեպքում հասնել այնպիսի որոշումների, որոնք չեն կոտրի տնտեսական աճի այս դրական տեմպը: Ուզում եմ ասել, որ այս տարի մենք նաև դրական աճ ունենք այն զբոսաշրջիկների թվով, ովքեր Ռուսաստանից այցելում են Հայաստան: Եվ հիմա Հայաստանում ամենուր՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ զբոսաշրջային կենտրոններում, կարող ես լսել ռուսական խոսք: Շատ հաճելի է: Ես միշտ նրանց հանդիպելիս պարտադիր հարցնում եմ, հետաքրքրվում, թե ինչպես են իրենց զգում Հայաստանում: Ուզում եմ վստահորեն ասել, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում իրենց շատ լավ են զգում: Եվ ակնհայտ է, որ ավելի ու ավելի շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են այցելելու մեր երկիր: Սա, իհարկե, հաճելի է, քանի որ կարծում եմ, որ սա ոչ միայն տնտեսական հարց է, այլև այն առնչվում է մեր մշակութային, հումանիտար կապերին: Նման շփումները, իմ կարծիքով, նպաստում են մեր քաղաքական ու տնտեսական հարաբերություններին»,- ասել է Փաշինյանը:

Հանդիպման մասին ամբողջական հաղորդագրությունը՝ ՀՀ վարչապետի կայքում

Մարիա Եղիազարյան