7 հունիս, 2019 14:26

Հայաստանում իրական ՀՆԱ-ն կարող է աճել ավելի քան 7 տոկոսով․ ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը հունիսի 5-ին հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն․ ընտրված խնդիրներ» (Republic of Armenia: Selected Issue) զեկույցը։

Զեկուցի գլուխներից մեկում քանակական գնահատական է տրվում կառավարության հնգամյա ծրագրի մակրոտնտեսական ազդեցությանը երեք ուղղություններով.

  • հարկային քաղաքականություն և կենսաթոշակներ,
  • կառավարում, կառավարման արդյունավետություն և կոռուպցիա,
  • աշխատանքի շուկա և մրցակցություն:

Զեկույցում նշվում է, որ անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսությունը լավ է զարգացել, բայց ՀՆԱ-ի աճն անկայուն է եղել, իսկ արտադրողականության աճը՝ սահմանափակ։ Թեև երկիրը լավ առաջընթաց է գրանցել մակրոտնտեսական կայունության առումով, իսկ ընդհանուր աճի կատարողականը եղել է բավարար, արտաքին ցնցումները մնում են խոցելիության և անկայունության նշանակալի աղբյուր։

Լինելով ցամաքային երկու փակ սահմաններով երկիր՝ Հայաստանը կախված է դրամական փոխանցումներից և ապրանքների արտահանման եկամուտներից։ Տնտեսական աճը հատկապես անկայուն է եղել համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո։

Հայաստանի նոր կառավարությունը պարզ կերպով ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը և կառավարման բարելավումը մնում են իր առաջնահերթությունները։ Կառավարության պլանավորված բարեփոխումները նպատակ ունեն կանխարգելել առևտրային ոլորտում մուտքի խոչընդոտները, ինչը կօգնի նվազեցնել մենաշնորհները և օլիգոպոլիաները: Հարկային քաղաքականությունը նույնպես կօգտագործվի որպես գործիք աևտրային և ոչ առևտրային ոլորտների միջև առավել լավ դաշտ ստեղծելու համար: Այս ամենը, ըստ ԱՄՀ-ի, բարելավի շահութաբերությունը և կխրախուսի ներդրումներն առևտրային ոլորտում։

Կառավարությունը չափելի միջոցներ է մշակում աշխատավարձերն առավել ճկուն և շուկային ուղղված դարձնելու ուղղությամբ։ Բացի այդ,  անցնում է պասիվ զբաղվածության ծրագրից առավել ակտիվի: Սա ներառում է վերապատրաստման համար աշխատողների վարձատրության բարձրացում, երիտասարդների համար գործազրկության նվազմանն ուղղված ծրագրերի հզորացում, պրակտիկայի հնարավորությունների ավելացում և այլն, ինչպես նաև երկարաժամկետ գործազուրկ բնակչությանը աշխատանքի շուկա վերադարձնելու գործողություններ: Հաշվի առնելով գործազրկության բարձր մակարդակը (2018-ի նախնական տվյալներով գործազրկությունը Հայաստանում կազմել է 20,4 տոկոս), այդ բարեփոխումները կարող են մեծացնել կայուն պետական աշխատուժը և զբաղվածությունը 2-4 տոկոսով:

Որպես տվյալ գլխի վերջաբան նշվում է, որ  հարկային քաղաքականության բարեփոխումները, որոնք ուղեկցվում են հարկային վարչարարության բարելավմանն ուղղված ամուր միջոցներով, կարող են զգալի ազդեցություն ունենալ հարկերի, դրանց արդյունավետության վրա: Աշխատանքի շուկայում նախատեսվող փոփոխությունները զարկ կտան զբաղվածությանը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենան սպառման և ներդրումների վրա։ Վերջապես, կարևոր է, որ Հայաստանն օգտագործում է արտահանման իր ներուժը և նշում է առևտրային ոլորտում իր թույլ կողմերը։

Այս ամենով հանդերձ, Արժույթի միջազգային հիմնադրամը եզրակացնում է, որ կառավարության 5-ամյա ծրագրում նշված գործողությունների հաջող իրականացման դեպքում իրական ՀՆԱ-ն Հայաստանում կարող է աճել ավելի քան 7 տոկոսով։


Լիլիթ Աբովյան