7 հունիս, 2019 13:51

ՄԻՊ․ Մանվել Գրիգորյանի բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում

Հունիսի 7-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու և նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։

«Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի բժշկի եզրակացությունը նրա առողջական վիճակի կայուն ծանր լինելու վերաբերյալ, դրա հիման վրա Մ. Գրիգորյանի բժշկի ցուցումը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մասնագիտական ուսումնասիրությունները՝ Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը հնարավոր է շարունակել միայն քաղաքացիական բժշկական հաստատության պայմաններում», - ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Մանվել Գրիգորյանը մի քանի ամիս «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժում ստանալուց հետո հունիսի 3-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Գրիգորյանի պաշտպանական կողմը հայտարարել է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժման համար պատշաճ պայմաններ չկան։

Հունիսի 6-ին հիվանդի վիճակը կտրուկ վատացել էր, և նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց։ Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Լուսինե Վարդանյան