7 հունիս, 2019 14:21

Սերժ Սարգսյանը որևէ բան չունի թաքցնելու․ Արմեն Աշոտյանը՝ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի մասին

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության համար քննիչ հանձնաժողովի ստեղծումը «սխալ է»․ այդ մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին։

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է գնալ հանձնաժողով, և ի՞նչ սպասելիքներ ունի, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ կուսակցությունում «դեռ որևէ մեկը չի ստացել հրավեր աջակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, այդ թվում նաև՝ Սերժ Սարգսյանը»։

«Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը որևէ բան չունի թաքցնելու Ապրիլյան պատերազմից առաջ, ընթացքում և հետո եղած ռազմաքաղաքական վիճակի և արտաքին քաղաքական իրավիճակի մասին, իսկ եթե ունի թաքցնելու, ապա ոչ քննիչ հանձնաժողովից»,- հայտարարեց Աշոտյանը։ Նրա համոզմամբ՝ նման հանձնաժողովի ստեղծումը «սխալ է», քանի որ այն ստեղծվում է այն ժամանակ, երբ տվյալ կողմը պարտություն է կրում, «իսկ մենք չենք պարտվել»։ ՀՀԿ փոխնախագահի համար հանձնաժողովը պարզապես «քաղաքական ակտ է՝ պայմանավորված քաղաքական պրոցեսներով»։

«Այն հանգամանքը, որ այդ հանձնաժովը ստեղծվել է Ազգային Ժողովում, անկախ նրանից, թե ովքեր են անդամները, ենթադրում է, որ հարցն ինքնին քաղաքական է։ Այն մասնագիտական քննարկման առարկա չի դառնալու, որովհետև հանձնաժողովի ներկայիս կարողությունները ոչ արտաքին քաղաքականության ոլորտում են, ոչ էլ՝ անվտանգային։ Ակնհայտ է, որ այն ստեղծվել է որպես Նիկոլ Փաշինյանի ջոկեր»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Հանրապետական կուսակցության փոխնախագահը քննադատեց նոր կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունը՝ գործադիրին համարելով «ոչ համարժեք առաջ ծառացած խնդիրներին»։

***

Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Պե՞տք է արդյոք ռազմական և անվտանգության խնդիրները քննարկել խորհրդարանում։ Կարծիքները բաժանվում են։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է նախկինում իշխող ՀՀԿ խորհրդի անդամ, 2017-2018 թթ․ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ։

Գեղեցիկ Ոսկանյան