8 հունիս, 2019 15:20

Դիլիջանում անցկացվում է «Մտքերի գագաթաժողովը»

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթաժողով»-ը («Summit of Minds») այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս: Հունիսի 8-ին Դիլիջանում գագաթաժողովի բացման արարողությանը խոսքով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը։ 

«Տնտեսության մեջ առաջատար են դարձել այն ուժերը, որոնք առավելապես հիմնված են մարդկային մտքի, տաղանդի և ինտելեկտի վրա: Հիմա մենք ապրում ենք մի զարմանալի ժամանակաշրջանում, երբ մարդկային միտքը սկսել է իր ազդեցությունն ունենալ ոչ միայն երկիր մոլորակի վրա, այլ այն սկսել է փոփոխություններ կատարել այլ մոլորակներում և որևէ կասկած չկա, որ այս միտումը շարունակվելու է ու ուժեղանալու է հենց արհեստական ինտելեկտի զարգացմանը զուգընթաց։

․․․Երբ ծովի դար էր` մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր` մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր` մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր` մենք ուժ չունեինք և ահա եկել է մտքի դարը ու որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք և, ըստ այդմ, մեր հիմնական անելիքը բնորոշված է. մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի միտքը զարգանա, միտքն ինքնադրսևորվելու, իրացվելու, ինքն իրեն վերարտադրելու հնարավորություն ունենա: Նաև սա է պատճառը, որ ասում ենք, որ մեր խնդիրն է` Հայաստանի Հանրապետությունը դարձնել դրախտավայր տաղանդավոր մարդկանց, մտքի համար, իսկ մենք հավատում ենք, որ ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ բացառիկ է, յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է և մեր խնդիրն է ահա ստեղծել մի միջավայր, որտեղ մարդու տաղանդը կաճի, կզարգանա, կդրսևորվի, կստեղծի ինտելեկտ, կստեղծի արհեստական ինտելեկտ և այդ արհեստական ինտելեկտը կծառայեցնի մարդկային մտքին, մարդկային, հոգևոր, բարոյական արժեքներին, համընդհանուր կայունությանը, խաղաղությանը և բարեկեցությանը»,- նշել է Փաշինյանն իր խոսքում։ 

Արմեն Սարգսյանն էլ իր խոսքում ասել է․ «Երբ նայում ենք համաշխարհային աշխարհաքաղաքականությանը, մի բան հստակ է՝ աշխարհում հսկայական անորոշություններ կան։ Անորոշություններ կան՝ Եվրոպայի ապագայի հետ՝ կապված «Բրեքսիթ»-ի հետ, ԱՄՆ-ում՝ առաջիկա ընտրությունների հետ , Մերձավոր Արևելքում և շատ այլ վայրերում։ Աշխարհն այսօր լի է նոր կամ հնուց վերադարձող գաղափարներով։ Մեծ քանակությամբ պոպուլիզմ, ֆեյք լուրեր, թյուրըմբռնում։ Ի վերջո, ի՞նչ է լինելու աշխարհի հետ։ Մենք կորցնում ենք ավելի ու ավելի շատ վստահություն, կորցնում ենք երկխոսելու կարողությունը։ Այս տեսնակյունից «Մտքերի գագաթաժողովն» ասես փոքր տապան լինի։ Այսօր սա Նոյի տապանը չէ, հայկական տապան է, որտեղ մարդիկ գալիս են քննարկելու, թե ինչպես ենք փրկելու մոլորակը։ Եվ սա շատ կարևոր է։ Ես շատ ուրախ եմ՝ ունենալու մոլորակի ապագայի մասին այս փոքր տապանն այստեղ՝ Հայաստանում»։

Իսկ Միջոցառման կազմակերպիչ «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն նշել է, որ ուրախ է առաջին անգամ Դիլիջանում կազմակերպել «Մտքերի գագաթաժողովը»։ «Մենք հավատացած ենք, որ գագաթաժողովի երեք օրերի ընթացքում տեղի ունենալիք շփումները կնպաստեն միմյանց ավելի լավ ճանաչելուն, և նոր, այդ թվում և ներդրումային գաղափարների առաջացմանը, ինչը անհրաժեշտ է նաև Հայաստանին», - նշել է Մալըրեն։ Նա ընդգծել է, որ «Մտքերի գագաթաժողով»-ի կազմակերպման հիմքում մշտապես բոլոր մասնակիցների առաջ ունեն հետևյալ պարտավորությունը. նրանք պետք է հեռանան գագաթաժողովից՝ ունենալով առնվազն նոր գաղափար, նոր ընկեր և նոր նախագիծ:

***

Միջոցառման մասնակիցների շարքում են 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան (Jan-Marc Lischka), Ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ և տնօրեն Ուիլյամ Փարկերը և այլք:

Միջոցառմանը մասնակցում են հայաստանցի և օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր։

Գագաթաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք թեմատիկ քննարկումներ, որոնց շրջանակում անդրադադարձ կկատարվի Եվրասիայի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական գործընթացներին, բարձր տեխնոլոգիաներին ու կառավարմանը, արհեստական բանականությանը, թվային տնտեսությանը և այլն: