8 հունիս, 2019 12:44

Կներդրվի վարորդական իրավունքից զրկելու համակարգ

Վարորդների տուգանման բալային համակարգի թիրախում մեծապես կլինեն հարյուր և ավելի խախտումներ կատարողները, ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը։ Նա նշում է, որ Հայաստանի 85 տոկոս վարորդները կարգապահ են և ընդամենը 5 տոկոսն է, որ բազմաթիվ խախտումներ է կատարում ու «անկառավարելի երթևեկության տպավորություն ստեղծում»։ «Միայն տուգանք կիրառելու համակարգը արդյունավետ չէ»,- նշում է Խաչատրյանը՝ հավելելով, որ կներդրվի վարորդական իրավունքից զրկելու համակարգ։ Զուգահեռաբար, նրա խոսքով, սոցիալական բեռն է թեթևանալու. «Եթե այսօր մենք ունենք100-500 հազար դրամի չափով տուգանքներ, այս նախագծի ընդունման դեպքում տուգանքի առավելագույն չափը կլինի 29 000 դրամը, իսկ գումարը կկոմպենսացվի բալերի նվազեցմամբ»։
Խաչատրյանը նաև խոսեց Հայաստանում մեքենաների ներկրման և երթևեկության ծանրաբեռնվածության խնդրից՝ պնդելով, որ դրա լուծման լավագույն տարբերակը արդյունավետ աշխատող տրանսպորտային ցանցն է։ Պատգամավորը նաև տեղեկացերց, որ օրենսդիրը պատրաստվում է նորամուծություն կատարել. «Եթե մեկը տրանսպորտային միջոցը տալիս է այլ անձի՝ վարելու իրավունքով, այդ քաղաքացին հնարավորություն կունենա համացանցի միջոցով տեղեկությունը հայտնել ՃՈ-ին, և վարչական ակտը կգեներացվի այն անձի վերաբերյալ, ով վարել է մեքենան»։