10 հունիս, 2019 16:28

Ռուսաստանում աղմկահարույց գործ են սկսել հետաքննող լրագրողի նկատմամբ

Հունիսի 6-ին Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է «Մեդուզա» լրատվական կայքի հետաքննող լրագրող Իվան Գոլունովը։ Ըստ ոստիկանության տվյալների՝ նրա մոտ հայտնաբերվել է մոտ չորս գրամ թմրանյութ։ Գոլունովը մեղադրվում է մեծ քանակի թմրանյութերի առևտրի փորձի մեջ։ Լրագրողը հերքում է և ասում, որ թմրանյութը իր մոտ գցել են իր հետաքննական նյութերից մեկի պատճառով։

Հունիսի 8-ի երեկոյան Մոսկվայի Նիկուլինյան դատարանը նրա համար մինչև օգոստոսի 7-ը տնային կալանք է սահմանել։

«Մեդուզա»-ի գլխավոր խմբագիր Իվան Կոլլպակովը վստահ է, որ Գոլունովի հետապնդումը կապված է նրա լրագրողական գործունեության հետ։ Ըստ նրա՝ լրագրողը նոր հոդվածի վրա աշխատելու ընթացքում սպառնալիքներ է ստացել։ Հոդվածի թեման դեռ հայտնի չէ։

Գոլունովը հայտնի է պետական գնումների, թաղման ծառայությունների բիզնեսի և «սև վարկերի» մասին իր հետաքննություններով։

«Ագորա» իրավապաշտպան խմբի իրավաբան Իրինա Խռունովան «Մեդուզա»-ի ասել է, որ դեպքը եզակի է։ «Եթե նմանօրինակ դեպքում հանրության վրդովմունք չլիներ, ապա, փաստորեն, իր մեղքը չընդունած մարդը հարյուր տոկոս հավանականությամբ կուղարկվեր Քննչական մեկուսարան (СИЗО)։ Հայտնի լրագրող լինելը փրկեց նրան։ Փրկեց իրավաբանի գրագետ աշխատանքը, որը ոչ միայն իրավաբանական հարթության վրա էր աշխատում, այլև մեղադրանքի աբսուրդ լինելը հասցրեց հանրությանը։ Դա փրկեց, հակառակ դեպքում նա կձերբակալվեր»։

Ռուսաստանի երեք գլխավոր բիզնես թերթերը՝ Ведомости, Коммерсантъ и РБК, հունիսի 10-ին, ի պաշտպանութուն Իվան Գոլունովի, լույս են տեսել միանման առաջին էջերով։ Շապիկին գրված է՝ «Ես/Մենք Իվան Գոլունով եմ/ենք»։ Այս երեք թերթերը դեռ երբեք միանման առաջին էջ չեն ունեցել։ «Ես/Մենք Իվան Գոլունով եմ/ենք» արտահայտությունը ֆրանսիական «Je suis Charlie» կարգախոսի նմանօրինակն է, որը ամբողջ աշխարհում օգտագործում էին որպես քննադատության նշան երգիծական Charlie Hebdo թերթի 12 աշխատակիցների սպանությունից հետո։

«Լրագրողների միությունը կարծես թե վերջապես գիտակցում է, որ եթե մենք հիմա «ստոպ» չասենք, հետո յուրաքանչյուրի հետևից կգան»,- Настоящее Время-ին ասել է «Մեդուզա»-ի  գլխավոր խմբագիրը։

Գոլունովին սատարում է լրագրողական և քաղաքացիական հանրությունը, իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք հունիսի 9-ի ամբողջ գիշերը Մոսկվայում ցույց են արել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր մասնաշենքի մոտ։

Գոլունովի գործին արձագանքել է նաև Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեդուզա»-ի հարցին, թե ինչպես այժմ Կրեմլը կմեկնաբանի Իվան Գոլունովի դեմ հարուցված քրեական գործը, Պեսկովը պատասխանել է․

«Կրեմլը չի կարող մեկնաբանել Գոլունովի դեմ քրեական գործը։ Ես ընդամենը կարող եմ ձեզ ասել, որ այս գործի մասին նախագահին զեկուցվել է Պետերբուրգում դեռ ուրբաթ։ Զեկուցվել է, որ սա շատ մեծ հնչեղություն ունեցող գործ է։ Կրեմլը, ինչպես գիտեք, իրավունք չունի մեկնաբանելու [քրեական] գործերը։  Չի անի դա նաև այս անգամ։ Բայց հաշվի   առնելով, որ այդ գործը բավական հնչեղ է, իհարկե, մենք ուշադիր հետևում ենք բոլոր մանրամասներին։ Այդ այն ամենը, ինչ կարող եմ ասել»։

Լուսինե Վարդանյան