10 հունիս, 2019 13:46

Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել

Հայբիզնեսբանկի դիմումի հիման վրա դատարանը սնանկ է ճանաչել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Գործից տեղեկանում ենք, որ բանկը Խաչատրյանի հետ կնքել է 1 մլն ԱՄՆ դոլար գումարի վարկի պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է 2017-ի հունիս ամսին։ Բացի այդ, կողմերը կնքել են նաև անշարժ գույքի գրավի պայմանագիր, որով գրավադրվել է Խաչատրյանի տունը Երևանի Կենտրոն համայնքում։ Խաչատրյանն իր պարտականությունները չի կատարել, ինչից հետո բանկը 2018-ի հունիսին Խաչատրյանին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ՝ վեջինիս տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը և վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չեն կատարվել։ Մեկ ամիս անց էլ բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին:

2018-ի դեկտեմբեր ամսին նախկին մարզպետի պարտքը բանկին կազմել է 1 մլն 12 հազար դոլար, իսկ ժամկետանց օրերի քանակը կազմել է 254 օր: Ուստի բանկը խնդրել է Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին ճանաչել սնանկ:

Սյունիքի մարզի դատավոր Արսեն Բաբայանը մերժել է Խաչատրյանի ներկայացուցչի բոլոր առարկությունները։ Դատարանը բավարարել է բանկի պահանջը։

Սուրիկ Խաչատրյանին դատարանը ճանաչել է սնանկ ու արգելանք դրել նրա գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

Գևորգ Թոսունյան