11 հունիս, 2019 14:06

Թուրքիան կարող է պատժվել Պենտագոնի կողմից․ Foreign Policy  

Ամերիկյան Foreign Policy հանդեսը գրում է, որ Ռուսաստանից զենիթահրթիռային S-400 համակարգերի ձեռքբերման արդյունքում Թուրքիան կարող է պատժվել Պենտագոնի կողմից։

Foreign Policy-ի հոդվածագիր Լարա Սելիգմանը նշում է, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունն արդեն իսկ որոշում է կայացրել Թուրքիային աստիճանաբար հեռացնել F-35 կործանիչների մատակարարման ծրագրից, ինչը երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության ամենաթարմ նշանն է։

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը պաշտոնական նամակով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Ակարին զգուշացրել է, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել՝ Անկարայի՝ ռուսական S-400 համակարգեր գնելու պարագայում։

Դադարեցվել է թուրք օդաչուների F-35-ի վարման ուսուցումը։ Նամակում Շանահանը իր թուրք պաշտոնակցին տեղեկացրել է, որ նշանակալից քայլեր է ձեռնարկում Թուրքիային F-35 ծրագրից ամբողջապես դուրս հանելու նպատակով։

Հոդվածագիր Լարա Սելիգմանին հայտնի են դարձել նամակի մանրամասները, որտեղ շարադրված են կիրառվելիք միջոցները, մասնավորապես՝ պահանջը, որ F-35-ի օդաչուները, որոնք ներկայում ԱՄՆ-ում ուսուցում են անցնում, մինչև հուլիսի 31-ը լքեն երկիրը։  Կդադարեցվի նաև նոր ուսանողների ուսուցումը։

Թուրքիան առայժմ ամերիկյան ճնշումներին տեղի տալու պատրաստակամության նշան ցույց չի տալիս, իսկ երկրի պաշտոնական դեմքերը, չնայած Շանահանի նամակին, հայտարարում են S-400-երի մատակարարման պլանին հետևելու մտադրությունների մասին։

Լուսինե Վարդանյան