12 հունիս, 2019 13:53

Տարիներ անց սա կարող է դիտարկվել որպես հանցագործություն․ Ռոբերտ Քոչարյան

Մարտի 1-ի անջատված գործով հունիսի 12-ին պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Նիստին ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը:

Վերաքննիչ դատարանն այսօր սկսեց քննել այս գործով մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բերած բողոքը: Նրանք վիճարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը կարճելու վերաբերյալ:

«Այն անձինք, ովքեր ձեզ նշանակել են այս գործում, հավանաբար գիտեն, որ դուք մեծամասամբ մեղադրանքի կողմին հաճո որոշումներ եք կայացնում»,- ասաց Ալումյանը՝ ներկայացնելով ինքնաբացարկի միջնորդությունը:

Նա հավելեց, որ Դանիելյանի նախագահությամբ «դատարանը չի կարող լինել օրենքով հիմքով դատարան»:

Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատավորին հասկանալ, որ «գործով իրենց կասկածները կարևոր են, ու դրանք փարատել հնարավոր չէ առանց ինքնաբացարկի»:  Նա կարծիք հայտնեց, որ մակագրման համակարգում անօրինական միջամտություն է եղել. «Տարիներ անց սա կարող է դիտարկվել որպես հանցագործություն, այնպես որ, խնդրում եմ ընդունել միջնորդությունը»,- ասաց Քոչարյանը:

Մյուս պաշտպանները միացան ինքնաբացարկի միջնորդությանը: Մեղադրողները առարկեցին, այթ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը ևս ներկա էր նիստին:

Դավթյանն ասաց, որ եթե մակագրումը անօրինական է եղել, ապա դա հանցագործություն է, որի վերաբերյալ պաշտպանական կողմը պետք է համապատասխան փաստեր ներկայացնի, ոչ թե «կասկածների հիմքով դատավորին տանի ինքնաբացարկի»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հիշեցրեց, որ դատավորը հենց Քոչարյանի կառավարման տարիներին է նշանակվել։ Նա նշեց, որ այդ տեսանկյունից իրենց մոտ կարող էր կասկած առաջանալ, սակայն նման հիմքեր չկան: Նա գտավ, որ պաշտպանական կողմի բացարկը անհիմն է:

Դատարանը, սակայն, չհասցրեց գնալ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, քանզի որ եղավ այլ միջնորդություն:

Գևորգ Թոսունյան