13 հունիս, 2019 17:03

Բարձրագույն դատական խորհրդի հերթական անդամը հրաժարական տվեց

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա ԲԴԽ երրորդ անդամն է, որը լքում է մարմինը։ Մինչ այս հրաժարականներ էին ներկայացրել ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանը և խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

Արմեն Խաչատրյանի հրաժարականի դիմումը ավելի լակոնիկ է, քան Գևորգ Դանիելյանինը:

«Հայտնում եմ, որ նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը»,- նշված է Խաչատրյանի հրաժարականի դիմումում, որտեղ մանրամասներ չկան պատճառների վերաբերյալ։ Հրաժարականի դիմումը ներկայացվել է ԲԴԽ-ի ֆեյսբուքյան էջում։

Մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հատուկ ուղերձում հայտարարեց, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտությունների ժամանակը»։ Այս ուղերձը ԲԴԽ-ում հրաժարականների սկիզբ դրեց։

Բարձրագույն դատական խորհուրդը երաշխավորում է դատավորների անկախությունը։ Այս խորհուրդը հաստատում է դատավորների թեկնածուների ցուցակը, լուծում դատավորրների լիազորությունների դադարեցման հարցը, կարգապահական պատասխանատվության է ենթարկում դատավորներին։ Այն նաև տալիս է համաձայնություն, եթե կարիք կա դատավորի հանդեպ քրեական հետապնդում սկսել։ ԲԴԽ նաև նախագահին և ԱԺ-ին է ներկայացնում դատավորների թեկնածուներին։

Գևորգ Թոսունյան