13 հունիս, 2019 11:35

Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության ներկայանալու ծանուցումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության ներկայանալու ծանուցումը։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

Հունիսի 8-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին, քաղաքապետի թեկնածու, «Քաղացացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան և բնակարանի մուտքն էին հրկիզել, հարուցվել էր քրեական գործ։ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեն այս քրեական գործում ներգրավել է վկայի կարգավիճակով։

«Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտե հարցաքննության էր հրավիրվել օրերս այդ քրեական գործի շրջանակներում։ Գագիկ Ծառուկյանին ծանուցումը անձամբ փոխանցել է ոստիկանը, վերջինս ծանուցումը փոխանցելուց հետ կոմիտե գրավոր տեղեկանք է փոխանցել այն մասին, որ պատգամավորը, ստանալով ծանուցումը, այն պատռել է»,- նշեց ՔԿ մամուլի քարտուղարը։

Նաիրա Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ մինչ այս պահը ԱԺ պատգամավորը չի ներկայացել հարցաքննության և նախաքննական մարմնին չի տեղեկացրել չգալու պատճառների մասին։

Գևորգ Թոսունյան