13 հունիս, 2019 10:50

Երևանի քաղաքապետը չի բացառում «Սանիթեք»-ի հետ պայմանագրի լուծումը

«Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարողանում սպասարկել Երևան քաղաքը, քաղաքապետարանն ամեն ամիս թերի կատարած աշխատանքի համար տուգանում է ընկերությանը: Քաղաքապետը չի բացառում պայմանագրի լուծարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ իմ պաշտոնավարման հենց առաջին օրից փորձել եմ «Սանիթեք» ընկերության հետ գալ այնպիսի իրավիճակի, որ իրենք կարողանան պատշաճ որակով կատարել իրենց ծառայությունը: Շաբաթական մեկ անգամ մեծ հանդիպումների շարան է եղել, որին անձամբ ես էի մասնակցում, որ հասկանայի, թե ինչ խնդիրներ ունենք այդտեղ, և քաղաքապետարանն ինչով կարող է, աջակցել է ընկերությանը: Ես ձեզ վստահեցնում եմ` մենք մեր կողմից արել ենք ամեն ինչ, սակայն «Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարող սպասարկել, սպասարկելու այդ կարողությունը չունի, և դա տեսնում ենք բոլորս»,- ասել է Մարությանը:

Նրա  կարծիքով՝ այնպես չէ, որ ընկերությունը չի ցանկանում, պարզապես չի կարողանում սպասարկել․ «Նրանց մեքենաների, աշխատուժի քանակը, տեխնիկական իրավիճակը, մեքենաների վիճակը գրեթե հասել է 0-ի»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում