13 հունիս, 2019 15:55

Փաշինյանը Քոչարյանից 650 հազար դրամ է պահանջում քաղհայցի շրջանակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 650 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։ Փաշինյանի դեմ քաղաքացիական հայց էր ներկայացրել Քոչարյանը։

Այսօր դատարանը ավարտեց «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղաքացիական հայցի քննությունը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել էր հայցից հրաժարվելու դիմում։

Հայցվոր կողմը զրպարտություն էր որակել Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը, ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի, այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Չնայած՝ հայցվորը հրաժարվել է հայցից, Փաշինյանի ներկայացուցիչը դատարանում ներկայացրեց դատական ծախսերի փոխհատուցման պահանջը։

«Դատարանն այդ հանգամանքին կանդրադառնա վճռով։ Տվյալ պարագայում մեր դիրքորոշումը հստակ էր, որ անզեն աչքով էլ կարդաք իմ վստահորդի հայտարարությունը, ակնհայտ էր, որ դա սահմանադրաիրավական նորմի մեկնաբանության հետ կապված դատողություն էր։ Մեզ համար ընդհանրապես անհասկանալի էր այս հայցը»,- ասաց Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը։

Դատարանում Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը առարկեց պատասխանողի պահանջին։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Ալումյանը շեշտեց, որ դատավարություն փաստացի այս գործով տեղի չի ունեցել:

«Ես ներկայացրած ծախսերը համարեցի ոչ ողջամիտ՝ նկատի ունենալով, որ այս դատավարությունը տեղի չի ունեցել։ Հակառակ պարագայում ես էլ իմ հերթին դատական ծախսեր կներկայացնեի»,- ասաց նա։

Հայցի քննությունը ավարտելով՝ նախագահող դատավոր Լարիսա Սարգսյանը տեղեկացրեց, որ դատարանը վճիռը կհրապարակի հունիսի 24-ին։

Գևորգ Թոսունյան