14 հունիս, 2019 18:27

Առանց տեսլականի հեղափոխությունը կարող է պարտվել․ Լիլիթ Գևորգյան

Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի՝ Ռուսաստանի և ԱՊՀ-ի հարցերով գլխավոր վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ գնահատում է Հայաստանի ներքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը։ Զրույցի սղագրությունը որոշ խմբագրումներով ներկայացված է ստորև։

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

- Լիլիթ, մեկ տարի առաջ Ձեր հարզազրույցներից մեկում խոսելով Թավշյա հեղափոխության օրերին տեղի ունեցող իրադարձությունների մասին` Դուք ասացիք, որ նախկին համակարգը ճգնաժամի մեջ է, որ այն պետք է փոխվի, որ Հայաստանում պետք է սկսել համակարգային փոփոխություններ։ Այսօր՝ մեկ տարի անց և նույնիսկ ավելի, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում սկսված գործընթացները, զարգացումները։ Արդյոք տեղի ունեցածը, ինչպես հաճախ անվանում ենք, հեղափոխությո՞ւն էր իր դասական իմաստով։

- Տեղի ունեցածը, սկսեմ վերջին հարցից, Հայաստանում շատ հաճախ անվանում են իշխանափոխություն, ինչը հեղափոխության մի տեսակ է։ Հեղափոխությունը ինքնին իշխանափոխություն է։ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որովհետև զանգվածային ցույցերի արդյունքում, զանգվածային ցույցերի պահանջի տակ նախկին ղեկավարությունը, առնվազն՝ վերնախավի մեծ մասը, հեռացավ իշխանությունից։ Ինքնին հեղափոխություն ասածը չի կատարվում մեկ կամ երկու օրում կամ մեկ կամ երկու ամսում։ Դա երկարատև գործընթաց է։ Եվ հիմա կարծում եմ՝ իշխանափոխություն, հեղափոխություն, նայած թե որ բառը կընտրենք, ամեն դեպքում դա մտել է ավելի կարևոր և ավելի դժվար էտապ։ Հաճախ այս հեղափոխությունները կամ իշխանափոխությունները հանուն ռեֆորմի մահանում են բյուրոկրատիայի միջանցքներում։ Կա այդ վտանգը նաև Հայաստանում։ Հեղափոխությունը կարող է պարտվել, եթե չունենա տեսլական, թե ինչպես են փոփոխությունները կատարվելու, կարող է պարտվել արտաքին ուժերի ազդեցության պատճառով։ Իմ կարծիքով՝ Հայաստանում այս բոլոր վտանգները կան, բայց միևնույն ժամանակ կա հստակ պատգամ բնակչության մեծ մասի կողմից, որ արմատական բարեփոխումները պետք է շարունակվեն։

Խնդիրը, որը հիմա տեսնում եմ դրսից,- գուցե ներսից պատկերն այլ է,- դրսից խնդիրն այն է, որ բնակչության կամ ընտրողների ցանկությունները շատ ավելի մեծ են, քան ներկայիս իշխանությունները կարող են մատուցել։ Բացի դրանից, կան արտաքին՝ հատկապես Ռուսաստանի կողմից ուղղորդվող ուժեր, որոնք հստակորեն աշխատում են այդ ռեֆորմների դեմ։ Ես չեմ ուզում օգտագործել իշխանափոխություն կամ հեղափոխություն բառերը, այլ՝ ռեֆորմներ։ Բարեփոխումների դեմ գործող հստակ խմբեր կան։

ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

- Այդ խմբերի մեջ են մտնում նաև նախկին համակարգի ներկայացուցիչները, նախկի՞ն վերնախավի ներկայացուցիչները, որոնք փորձում են նաև, այսպես ասած, անել հակահեղափոխություն։ Արդյոք սրա մասի՞ն եք խոսում։

- Իմ խոսքը նույն օլիգարխիայի մասին է։ Երբեմն հաղորդագրությունների ենք առնչվում, երբ հայտարարում են, որ այլևս օլիգարխիա չկա։ Իհարկե, Հայաստանում օլիգարխիա կա՝ նեղ իմաստով, նեղ բնորոշմամբ՝ օլիգարխիա, որտեղ խոշոր բիզնես արտոնություններ են ստանում պետությունից, լայն իմաստով օլիգարխիա, երբ կա խոշոր բիզնես, որը կենտրոնացրել է տնտեսական ակտիվի մեծ մասը և ունի ազդեցություն իշխանության տարբեր ճյուղերի վրա, այդ թվում՝ դատական, որոշ առումներով՝ նաև քաղաքական, մամուլի և այլ ոլորտներում, սա փաստ է։ Այսինքն՝ օլիգարխը չի կարող մի գիշերվա մեջ վերանալ։ Օլիգարխիան կազմաքանդելը շատ դժվար գործ է։ Հետևելով նաև Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության այլ երկրների փորձին՝ կարող եմ ասել, որ այս պրոցեսը կարող է տևել 5-7 տարի։ Իշխանությունները երբեմն կարող են, կցանկանան ընտրողներին ներկայացնել լավ արդյունքներ, բայց երբեմն այս արդյունքների, կտրուկ որոշումների արդյունքում կարող է տնտեսությունը կամ տնտեսական կայունությունը տուժել։ Այսինքն՝ պետք է բալանսավորված լինեն այս քայլերը։ Հայաստանում որոշ քայլեր արվում են, բայց ես առայժմ չեմ տեսնում այն տեսլականը, որ օլիգարխիան կազմաքանդվի։ Ինձ համար շատ անհանգստացնող է այն հայտարարությունը, որ այն այլևս գոյություն չունի, այսինքն՝ եթե չի ախտորոշվում խնդիրը, հետագա քայլերը դժվար է կազմակերպել և տեսլականը դժվար է ձևակերպել։

- Նախաձեռնված վերջին դատական բարեփոխումները, վեթինգը, որը շատ է քննարկվում, արդյոք Ձեր հիշատակած անհրաժեշտ քայլերից մե՞կն են, գուցե՝ նաև օլիգարխիայի դեմ պայքարում։ Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում հենց դատական բարեփոխումները։  

- Ինձ թվում է, որ, այո՛, այդ համակարգային փոփոխությունների շարքում սա ամենակարևոր քայլերից մեկն է։ Դեռ հստակ չէ՝ ինչպիսի ընթացք և ինչպիսի ձև կունենա, բայց միանշանակ ողջունելի քայլ է։ Դատական իշխանությունը մաքրելը և անկախացնելը կլինի այս փոփոխության կամ իշխանափոխության ամենախոշոր ձոռքբերումներից մեկը, եթե այն հնարավոր լինի իրականացնել։ Երկրորդը, որ ակնհայտ է, առնվազն պետական պատգամի մակարդակով բաց տնտեսական մրցակցության դաշտ ստեղծելու ցանկությունն է, որը նորից ողջունելի է։ Բայց միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, պետք են հստակ քայլեր, թե նախկին և ներկայիս օլիգարխները, որոնք դեռ հսկայական ազդեցություն և խոշոր տնտեսական ակտիվներ ունեն, ինչպես են նրանք այդ դաշտը բացելու նոր և անկախ տնտեսական խաղացողների համար։

Խոսելով քաղաքական դաշտի մասին՝ ևս պետք է խոսել, որ օլիգարխիան այստեղ բավականին լավ ներկա է, ներկա է նաև պառլամենտում։ Տեղական վերջին ընտրությունները ցույց տվեցին [Աբովյան քաղաքում հունիսի 9-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց գործող քաղաքապետը, որը վայելում է օլիգարխ համարվող Գագիկ Ծառուկյանի աջակցությունը - խմբ․], որ օլիգաիխիան ոչ միայն դասավորվում է, այլև տեղական մակարդակում գոնե փոքր հաջողություններ է արձանագրում։ Սրանք բոլորը խնդիրներ են, որոնք մեկ ամսում կամ մեկ տարում հնարավոր չէ լուծել, այլ անհրաժեշտ է ախտորոշել և ապա ունենալ ռազմավարություն, թե ինչպես են դրանք լուծվելու։

Ի վերջո թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ հատկապես ազգային անվտանգության խնդիրը օլիգարխիան է և դրա կազմաքանդումը։ Իմ կարծիքով՝ ընտրողները կցանկանային ավելի կտրուկ քայլեր, բայց, ինչպես նշեցի, պետք է հաշվի առնել նաև տնտեսական կայունության խնդիրները, ինչպես նաև ներքաղաքական տարբեր վերախմբավորումները, այսինքն՝ հեշտ է քննադատել իշխանությանը, բայց միևնույն ժամանակ նաև հասկանում եմ, որ բավականին բարդ իրավիճակ է և առանձնապես երկար ժամանակ չեն ունեցել․ ի վերջո խորհրդարանական ընտրություններն ընդամենը անցած դեկտեմբերին տեղի ունեցան։

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾՈՆ, ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

- Զրույցի սկզբում որպես արտաքին ազդեցություն և գործոն Դուք հիշատակեցիք Ռուսաստանը։ Այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին հաճախ օգտագործում են լարվածություն, սառնություն տերմինները։ Դուք ինչպե՞ս կբնութագրեք Երևանի և Մոսկվայի հարաբերությունները հեղափոխությունից հետո։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ասում է այդ հարաբերություններում մութ անկյուններ չկան։ Ի՞նչ է կատարվում այսօր Երևանի և Մոսկվայի միջև, նաև՝ անձնական մակարդակով Փաշինյանի և Պուտինի միջև կա՞ ըմբռնում։

- Իմ կարծիքով, Ռուսաստանը երկու խնդիր ունի հայկական նոր իշխանությունների հետ։ Առաջինը հեղափոխության կամ, այսպես ասած, հրապարակից վարչապետական աթոռին նստելու պրոցեսն է։

Երկրորդը Հայաստանի գոնե առերևույթ որդեգրած այն քաղաքականությունն է, որ Հայաստանն առաջնորդվելու է զուտ հայկական, ազգային շահերով, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Սրանք վտանգներ են, որոնք Ռուսաստանը լավ գիտակցում է, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ իր ցանկացած թեկնածուները, իր նախընտրած թեկնածուներն առայժմ չեն կարող Հայաստանում ունենալ ղեկավար պաշտոն կամ վարչապետական աթոռ։ Ինձ թվում է, որ, այո՛, հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև լարված են։ Բայց պետք է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ հարմար դիրքում է գտել այն առումով, որ Հայաստանում կա մարդկանց բավական մեծ խումբ՝ քաղաքական, հասարակական գործիչներ և նրանց հետևորդներ, որոնք ըստ իրենց ցանկության, իրենց քաղաքական և անձնական շահերից ելնելով՝ ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանի ազգային շահերը Հայաստանում պահպանվեն, միևնույն ժամանակ ընթանում է մրցակցություն ներկայիս իշխանության և այսպես կոչված ընդդիմության միջև՝ ապացուցելու, թե ով է ավելի հավատարիմ Ռուսաստանին։ Սրանից ավելի իդեալական իրավիճակ չի կարող լինել։ Դրան միանում է նաև Ռուսաստանում լայն, բավականին խոշոր հայկական համայնքը, որը նորից աշխատում է հիմնականում ռուսական ազգային շահերը Հայաստանում պաշտպանելու համար։ Եվ չորրորդ գործոնը, ի վերջո, այս հեղափոխության ընթացքում հայ ցուցարարները չէին պահանջում արտաքին քաղաքական վերակողմնորոշում, այլ պահանջում էին իշխանափոխություն, կյանքի բարելավում և այլն։ Այսինքն՝ առնվազն հայկական էլիտայի մակարդակով պրոռուսական գիծը շարունակվում է։ Այս պայմաններում  Ռուսաստանը բավականին հարմար իրավիճակում է, իհարկե ավելի հարմարավետ կարող էր լինել, բայց ինչպես Ուկրանիայի փորձը ցույց տվեց, 2010 թվականին հեղափոխությունից հետո ընտրությունների միջոցով պրոռուսական ուժերը շատ լավ կարողացան հետ վերցնել իշխանությունը, այսինքն՝ Ռուսաստանը, հնարավոր է, երկարաժամկետ է նայում այս խնդրին։ Ես չեմ հավատում, որ հնարավոր է այնպիսի ջերմ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որտեղ ներկայիս իշխանությունները կարող են ավելի լավ պայմաններ առաջարկել, քան այն թեկնածուն, որ Ռուսաստանը կցանակար տեսնել, բայց, ինչպես նշեցի, ներքաղաքական պայքարի արդյունքում հաղթողը ի վերջո Մոսկվան է։

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ

- Գանք Բրյուսել՝ աշխարհաքաղաքական մյուս բևեռ։ Հեղափոխությունից հետո գուցե երկուստեք ակնկալիքները մեծ են, գուցե Հայաստանը ավելին է սպասում։ Արդյոք կա՞ն այդ հարաբերությունները ավելի խորացնելու, զարգացնելու հնարավորություններ՝ հաշվի առնելով նաև Հայաստանի այդ պրոռուսական քաղաքականությունը, դիրքորոշումը կամ, ինչպես հաճախ ասում են, հնարավո՞ր է նստել միաժամանակ երկու աթոռի վրա։ Ինչպե՞ս եք տեսնում այս իրավիճակը։

- Հայաստանը իբրև կամուրջ կամ «Հայաստանը երկու աթոռի վրա»,- այդ գաղափարները եղել են նաև նախորդ իշխանությունների ժամանակ։ Չեմ կարծում, որ դա հնարավոր է։ Ի վերջո, պետք է հասկանալ, թե Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի Արևմուտքից կամ ԵՄ-ից։ Պետք է նշեմ, որ Արևմուտքում ևս փոփոխություններ են կատարվում՝ նաև բուն արևմտյան բլոկի միջև, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև և այլն։ Այսինքն՝ այս համատեքստում, որքան հասկանում եմ, Փաշինյանի իշխանությունը ցանկանում է ներքին ռեֆորմների միջոցով,- անունը չդնելով հեղափոխություն կամ անունը չդնելով հակառուսական պրոգրեսներ, - ներքին ռեֆորմների միջոցով ստեղծել այնպիսի ստանդարտներ, այնպիսի ինստիտուտներ, քաղաքական և դատական այնպիսի համակարգ, որը կհամապատասխանի եվրոպական ստանդարտներին։ Այսինքն՝ ամեն ինչ եվրոպական, բացի անունից, իհարկե, կարծում եմ ԵՄ-ի կողմից ողջունելի է՝ ինստիտուցիոնալ ռեֆորմների առումով, կայունության առումով, նաև այն տեսակետից, որ Հայաստանը կդառնա ավելի կայուն, տնտեսապես ավելի զարգացող երկիր, որը նշանակում է, որ նաև փախստականների խնդիրները կպակասեն Եվրոպայի համար։ Այո՛, այս առումով շահերը համընկնում են, բայց աշխարհաքաղաքական առումով, ինչպես նշեցի, Արևմուտքը նույնպես դառնում է բազմաշերտ։ Եվրամիությունը, եթե նայենք գերմանական ղեկավարության տեսանկյունից, ամեն դեպքում չեմ կարծում, որ հեռահար նպատակներ ունի Հայաստանի հետ կապված։ ԱՄՆ-ում որոշ շրջանակներ շատ ավելի լայնածավալ ծրագրեր ունեն տարածաշրջանում։

Ժամանակները փոխվել են։ Արևմուտքի հետ հարաբերությունները շատ ավելի առևտրային են։ Պետք է ինչ-որ բան տալ՝ դրա դիմաց քո ցանկացածը ստանալու համար։ Նման կոնտեքստում հայկական կողմը պետք է շատ ավելի մանրակրկիտ ձևավորված տեսլական և ռազմավարություն ունենա, և այստեղ պետք է շատ ռեսուրսներ ներդնել՝ ձեռք բերելու այն, ինչ Արևմուտքից Հայաստանն ուզում է։

- Այսինքն՝ վերապահումներ, այնուհանդերձ, Բրյուսելի կողմից լինելո՞ւ են՝ հաշվի առնելով իրողությունը։

- Վերապահումները ԵՄ-ի կողմից աշխարհաքաղաքական առումով, այո՛, լինելու են, որովհետև Հայաստանն ի վերջո արդեն վաղուց համարվում է ռուսական արբանյակ երկիր։ Սա ուղղակի հայտարարություն չէ, սա ցանկություն չէ։ Սա ունի տնտեսական, քաղաքական և ռազմական հիմքեր։ Ինչո՞ւ․ որովհետև Հայաստանը էներգետիկ խիստ կախվածության մեջ է Ռուսաստանից, որն ի դեպ նաև Հայաստանի ընտրությունն է եղել որոշ առումով։ Հայաստանում կան հստակ ձևավորված և շատ լավ աշխատող քաղաքական խմբավորումներ, որոնք զուտ պաշտպանում են ռուսական ազգային շահերը։ Հայաստանը ռազմական առումով ևս կախված է Ռուսաստանից և խորը ինտեգրված է թե՛ տնտեսական, թե՛ ռազմական կառույցների մեջ։ Այսինքն՝ սա տարիների ընթացքում է ձևավորվել, և Բրյուսելը շատ լավ հասկանում է, որ նման արագ շրջադարձ անել Հայաստանն ուղղակի չի կարող։ Այս պահին կարծում եմ, որ երկու կողմերն էլ բավական բավարարված են այն օրակարգով, որ ներկայացրել է Հայաստանը։ Այսինքն՝ ինստիտուցիոնալ փոփոխությունների խնդրում Բրյուսելի աջակցությունը։ Բայց կրկնում եմ, բացի Բրյուսելից Արևմուտքում նաև Միացյալ Նահանգներն են, որոնք ունեն այլ օրակարգ տարածաշրջանում։ Այստեղ կարծում եմ՝ Հայաստանը ամենևին էլ առաջնային չէ այս պահին։ Իհարկե, հետաքրքրությունը մեծ է, բայց նորից, ազդակները պիտի գան Հայաստանից, պետք է Հայաստանը ինքը ներկայացնի համագործակցության հստակ օրակարգ։

ԱՐՑԱԽ․ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԱՎԵԼԻՆ

- Վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը իրավասու չէ բանակցել Արցախի անունից և պնդում է, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Ինչպե՞ս եք գնահատում այս նոր մարտավարությունը, որքանո՞վ այն կարող է արդյունավետ լինել, որքանո՞վ այն կարող է նպաստել կարգավորմանը։ Առհասարակ Հայաստան- Ադրբեջան այս վերջին շրջանի շփումները, բանակցությունները ու ներկայիս փուլը ինչպե՞ս եք գնահատում։

- Իմ կարծիքով՝ 2016-ի ապրիլին հստակ դարձավ, որ Հայաստանը դիվանագիտական ու նաև ռազմական առումով հասել է պատային վիճակի։ Սա  տարիների ընթացքում ձախողումների՝ դիվանագիտական, արտաքին քաղաքական ձախողումների արդյունքն էր, կուլմինացիան։ Դրանից հետո Հայաստանը կարծես ապրում է պարտքով վերցրած ժամանակով, այն առումով, որ Լավրովյան պլանը,- որ շատ վաղուց է հստակեցվել, համացանցում բոլոր տվյալները հասանելի են մարդկանց, այսինքն՝ գաղտնիք չկա,- Լավրովյան պլանը ուժի մեջ է, իր սեղանին է։ Այս պարագայում հեղափոխություն կամ իշխանափոխություն, ինչպես որ կցանկանաք 2018-ի իրադարձություններն անվանել, պարզապես Հայաստանին հնարավորություն տվեցին որոշ ժամանակ առնել և նաև փորձել այս բանակցությունների մարտավարությունը փոխել։ Խնդիրն այն է, որ ղարաբաղյան բանակցություններում հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է ունենա հստակ ներքաղաքական դաշինք և նաև ներքաղաքական դաշինք Ղարաբաղի իշխանությունների հետ։ Դժբախտաբար, գոնե դրսից հետևելով՝ այնպիսի տպավորություն է, որ այսպես կոչված օպոզիցիան կամ նախկին իշխանությունը, որը ռևանշի է պատրաստվում, ակտիվորեն օգտագործում է Ղարաբաղի խնդիրը։ Ղարաբաղյան ղեկավարությունը այդպես էլ չկարողացավ չդիմանալ  ճնշումներին և ներգրավվեց Հայաստանի ներքաղաքական խնդիրների մեջ։ Նկատի ունեմ՝ Մարտի 1-ի դատավարությունը և այլն։ Այսինքն, այս պայմաններում նաև դժվար է տեսնել , թե Փաշինյանը որքան երկար կարող է շարունակել նման մարտավարությունը։ Բայց միևնույն ժամանակ սա թերևս լավագույնն է վատթարագույն ընտրությունների մեջ։ Այսինքն, Հայաստանը շարունակում է նույն մարտավարությունը՝ առնել ժամանակ, մինչև ներքին քաղաքական իրավիճակը կհստականա, մինչև թերևս կկարողանա ավելի հստակեցնել իր տեսլականը՝ ի վերջո ինչպես է ցանկանում տեսնել Ղարաբաղի հարցի լուծումը։

- Մարտավարության փոփոխությունն այսինքն ինչ-որ չափով գոնե երաշխավորո՞ւմ է 2016-ի դեպքերի չկրկնություն։

- Ո՛չ։ Ինձ թվում է, որ 2016-ի դեպքերը պարզապես ցույց տվեցին, որ այստեղ գնում են եռակողմ բանակցություններ, սա միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խնդիրը չէ։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առումով Ղարաբաղի հարցում հստակ է, որ 2011-ի փաստաթղթով հայկական կողմը համաձայնել է ռուսական տարբերակին [նկատի ունի Կազանում ղարաբաղյան կարգավորման պլանին Սերժ Սարգսյանի համաձայնությունը - խմբ․]։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը Ղարաբաղը տեսնում է իբրև նոր տարածք Հարավային Կովկասում, որտեղ ինքը կարող է ունենալ ավելի հստակ ներկայացում, ռազմական ներկայացում՝ իհարկե խաղաղապահ ուժերի քողի տակ։ Իմ կարծիքով՝ այստեղ բանակցությունները,- գինը, որ որոշվում է Բաքվի և Մոսկվայի միջև,- այս բանակցությունները բավականին բարդ են, և պատճառներից մեկը, որ լուրջ էսկալացիա չի եղել, հենց դա է, որ Բաքուն շատ զգուշորեն է մոտենում Ռուսաստանի առաջարկին։ Այսինքն՝ եթե հետևեք, այսպես կոչված՝ ռուս անկախ վերլուծաբաններին, նրանց մոտ վերջերս բավականին լուրջ պատգամ կա, թե «անհասկանալի է՝ ինչու է Բաքուն սպասում, ինչու չի հարձակվում, հստակ է, որ հայկական կողմը զիջումների չի գնալու»։ Այս ամենը շատ լավ տեղավորվում է ռուսական տեսլականի մեջ, թե ինչպես են նրանք ցանկանում լուծել Ղարաբաղի խնդիրը։ Գաղտնիք չէ, որ տարածքների փոխանցումը Ադրբեջանին և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղում լավագույն տարբերակը կլինի նրանց համար։ Բայց այստեղ, ինչպես ասացի, զսպող գործոն է Ադրբեջանի զգուշավորությունը ու նաև որոշ առումով՝ Արևմուտքի դիրքորոշումը․ չնայած պետք է նշեմ, որ Արևմուտքը երկար տարիներ ռեսուրսներ չի ներդրել այս խնդրի մե  և երկրորդական պլանում է Ղարաբաղը։ Սակայն իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ արևմտյան երկրների մոտ Ղարաբաղի նկատմամբ հետաքրքրությունը բավականին աճել է։

- Արդյոք Ռուսաստանի տեսլականի մե՞ջ է տեղավորվում նաև Երևանի ու Ստեփանակերտի այս վերջին լարվածությունը՝ ռազմական և քաղաքական ղեկավարների միջև։  

- Իմ կարծիքով՝ այն փոխվել է, այսինքն՝ եթե սկզբում Ռուսաստանը նայում էր Սերժ Սարգսյանի կառավարությանը որպես հիմնական լծակ, որը կարող է իրականացնել պլանը, ապա հեղափոխությունից հետո սա փոխվեց։ Եվ այդ առումով ռուսական մարտավարությունն էլ է փոխվել։ Այժմ Ռուսաստանը շատ ավելի բարդ իրավիճակում է Հայաստանում՝ այն առումով, որ պետք է կոնսոլիդացնի իր բազան՝ դա Քոչարյան-Սարգսյան տանդեմն է, և դրա բազայի վրա ստեղծվող և ստեղծվելիք կուսակցություններն են։ Դրանք հավանաբար կլինեն երիտասարդ պրոֆեսիոնալներ, նաև՝ Արևմուտքում կրթված, բայց ի վերջո մոտակա հինգ տարում խնդիրը պետք է ռուսական կողմը իրականացնի, այսինքն՝ իշխանափոխության խնդիրն է կանգնած։ Եվ երկրորդը Ղարաբաղում նախկին ռեժիմի մի մասնիկի կոնսոլիդացումն է։ Այս առումով, բնականաբար, կոնֆլիկտ է առաջանում Ստեփանակերտի և պաշտոնական Երևանի միջև։ Ես չեմ կարող միանշանակ ասել, որ Ռուսաստանն է զբաղվում այս կոնսոլիդացման կոնֆլիկտի ստեղծմամբ, իհարկե այդ հիբրիդ պատերազմ ասածը ներառում է տարրեր, որոնք հրահրում են նման տարաձայնությունները, բայց ի վերջո եթե չլինեն դերակատարներ տարածքում՝ Ստեփանակերտում կամ Երևանում, ապա նման կոնֆլիկտ հնարավոր չէ հրահրել։ Ռուսաստանը դեմ չէ, և նման կոնֆլիկտը բնականաբար ծառայում է ռուսական տեսլականին։ Ինչպես ասացի, Ռուսաստանի ազգային շահերը պահանջում են ներկայություն կոնսոլիդացնել  Հարավային Կովկասում։ Ադրբեջանը շատ գրավիչ գործընկեր է Ռուսաստանի համար, և Հայաստանը, արդեն կարելի է ասել, որ ռուսական գրպանում է։ Այս առումով գնում է առևտուր, այսպես ասած, որտեղ դժբախտաբար Ղարաբաղը մանրադրամ է։ Ղարաբաղի էլիտան և երևանյան էլիտան, որքանով կարող են խուսանավել այս աշխարհաքաղաքական խաղերից կամ հաշվարկներից և չվնասել հայկական շահերը, այլ հարց է։ Շատ դժվար է իհարկե նաև այս պատերազմի ֆոնի վրա խուսանավել, որովհետև, ինչպես ասացի․ պետք է անկեղծ լինել և ընդունել, որ Հայաստանում կա մարդկանց, քաղաքական գործիչների մեծ զանգված, իրենք իրենց ցանկությամբ մասնակցում են այդ պատերազմին։ Հայաստանը թե՛ ներքին և թե՛ արտաքին ռիսկեր ունի, որ ի վերջո անդրադառնալու են Ղարաբաղի անվտանգության վրա։

Պատրաստել է Գեղեցիկ Ոսկանյանը