14 հունիս, 2019 10:53

Եվրամիությունը հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին

2019 թվականի հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Խորհուրդը վերահաստատեց Հայաստանի և Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարության համաձայն՝

◾️ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու հակամարտության ջրբաժանը հաղթահարելուն և ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված նախաձեռնություններին:

◾️Սիրիայի հարցում Խորհուրդն իր ամուր աջակցությունը հայտնեց ՄԱԿ հատուկ բանագնացի գործունեությանը` Ժնևում ներսիրիական բանակցությունների վերսկսման կապակցությամբ: Հայաստանը հաստատեց իր մտադրությունը՝ շարունակելու տեղում Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրել, ինչպես նաև սերտորեն աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ Սիրիայից Հայաստան տեղափոխված անձանց կենսապայմանները բարելավելու նպատակով:

◾️Իրանի հարցում ԵՄ և Հայաստանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական և արդյունավետ շարունակական իրագործմանը:

◾️Թուրքիայի հարցում ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և շեշտեց երկու կողմերի` այդ գործընթացի մեջ առանց նախապայմանների ներգրավվելու անհրաժեշտությունը: Հայաստանը վերահաստատեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր՝ վաղուց հայտնի դիրքորոշումը:

◾️Խորհուրդն ընդգծեց անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Խորհուրդն ողջունեց ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։

◾️Խորհուրդը կարևորեց գործարար միջավայրի բարելավումը՝ խթանելու օտարերկրյա ներդրումները, աշխատատեղերի աճը և աղքատության կրճատումը: Խորհուրդը ողջունեց աշխատանքի ստուգման լիարժեք համակարգ ստեղծելու Հայաստանի մտադրությունը, որը կարող է ապահովել միջազգային չափանիշներին համախատասխան վերահսկողություն, ինչպես նաև հսկողություն աշխատանքային չափանիշների, իրավունքների և աշխատանքային պայմանների նկատմամբ:

◾️Քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով, ինչպես նաև պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն:

◾️ Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Խորհուրդն ընդգծեց այդ ռեսուրսների՝ հնարավորինս արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` առավելագույնի հասցնելու բարեփոխումների ազդեցությունը, ինչպես նաև տեսանելի ու շոշափելի կերպով բարելավելու քաղաքացիների կենսապայմանները: