14 հունիս, 2019 12:29

Զարեհ Սինանյանը՝ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվեց ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։

Ավելի վաղ Սինանյանը դիմում է ներկայացրել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի լիազորություններից հրաժարվելու մասին։

Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։

Ծնվել է 1973-ին՝ Երևանում։ Հայրը պոլսեցի է, Խորհրդային Հայաստան էր հայրենադարձվել 1946-ին։ Մայրը՝ թալինցի՝ արմատներով՝ մշեցի։

1988-ին ընտանիքով տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։ Սինանյանը իրավաբանի կրթություն է ստացել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։

Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ դարձել է 2014-ին։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Սինանյանը ԱՄՆ-ում նախքան քաղաքական գործունեությամբ զբաղվելը ակտիվ է եղել Հայ դատի աշխատանքներում, աջակցել է Հայաստանի, Արցախի և Հայոց ցեղասպանության խնդիրները բարձրացնելու գործին։

Զարեհ Սինանյանը, լինելով Գլենդելի քաղաքապետ և քաղաքային խորհրդի անդամ,  մշտապես քննադատություններ էր հնչեցնում Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, օրինակ, Գլենդելում ցույցի ժամանակ նա քննադատում էր կոռուպցիան Հայաստանում, իսկ 2018-ի Թավշյա հեղափոխության օրերին աջակցում էր Նիկոլ Փաշինյանին և նրա շարժմանը։    

Տե՛ս նաև՝

Վաղվա Հայաստանը ստեղծելու պահը եկել է․ Զարեհ Սինանյան

Ցնծությունն անցել է, մնացել են դրական սպասումները․ Զարեհ Սինանյան

Երեք բան, որ Գլենդելի քաղաքապետը կփոխեր Հայաստանում, եթե լիներ վարչապետ

Սթափվե՛ք. Գլենդելի նախկին քաղաքապետի կոչը Հայաստանի իշխանություններին