17 հունիս, 2019 16:35

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները, ըստ Նիկոլ Փաշինյանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովում: Նա առանձնացրել է այն գաղափարները, որոնց վրա հիմնված է կուսակցության գաղափարախոսությունը։ Ելույթից հատվածներ՝ ստորև․

«Ես առանձնահատուկ կարևոր եմ համարում կրկին ու կրկին ընդգծել,թե որոնք էին այն քաղաքական բանաձևերը, գաղափարները, գաղափարախոսությունը, որն ի վերջո բերեց հեղափոխության։ Սա չափազանց կարևոր է մեր կուսակցության գաղափարական առանձնահատկություններն ու յուրահատկությունը արձանագրելու համար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսությունը հենված է մի քանի հիմնական գաղափարի վրա, որոնք արտահայտված են կուսակցության ծրագրի մեջ։ 

Առաջին ամենակարևոր գաղափարը անհատի ազդեցությունն է իրականության վրա, անհատական վարքագծի և հանրային վարքագծի կապը։ Այս գաղափարի իմաստն այն է, որ ժամանակի ցանկացած հատվածում գոյություն ունեցող իրականության համահեղինակ են հանրության բոլոր անդամները, բոլոր քաղաքացիները՝ առանց բացառության: Այս գաղափարը արտահայտված է մեր կուսակցության ծրագրի երկրորդ կետում և համարում եմ, որ հենց սա էր այն անկյունաքարային բանաձևը, որ հանգեցրեց հեղափոխության, որովհետև ի հայտ բերեց մեր իրականության մեկնաբանության նոր մեկնակետ: Մինչ այդ, ձևակերպման ծնունդը մեր հանրության շրջանում ընդունված էր արատավոր իրականության համար մեղադրել, քննադատել ցանկացածին, բայց ոչ երբեք ինքդ քեզ։ Մեր առաջադրած նոր բանաձևը համաձայն ինքնաքննադատությունը ավելի կարևոր է, քան ուրիշի քննադատությունը։

Երկար տարիներ Հայաստանում իշխանության մեջ գտնվող մարդիկ, ովքեր մշտապես գտնվում էին մամուլի և հանրության քննադատության, երբեմն զզվանքի, երբեմն ատելության շրջանում  այս կամ այն պատճառով պաշտոնից ազատվելու և ընդդիմադիր գործունեություն ծավալելուց հետո հանրային որոշակի ինդուլգենցիա են ստանում՝ միանալով քննադատների այն բանակին, որի քննադատության թիրախում էին մի քանի ամիս առաջ։ Սա  մի երևույթ է, որ երկար տարիներ հետաքրքրել է ինձ։ Ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչպես կարող է նույն մարդը նախարար լինելով հանդերձ լինի մեղավոր, պայմանականորեն ասած, երբ դառնում է ընդդիմադիր գործիչ դառնում է անմեղ։

Ինչպես է մարդ այդքան արագ տրանսֆորմացիայի ենթարկվում՝ կոռումպացվածից դառնալով կոռուպցիայի դեմ կատաղի պայքարող։ Եվ մեր եզրակացությունն այն էր, որ դա հնարավոր է հանրային այն կոնսենսուսի պայմաններում, համաձայն որի՝ բոլորը մեղավոր են, բացի ինձնից։

Այս բանաձևի գոյությունը խորացնում էր ճգնաժամը, որովհետև ոչ ոք իրեն մեղավոր չէր համարում այսօր գոյություն ունեցող իրավիճակի համար՝ հետևաբար ոչ ոք իրեն պատասխանատու չէր զգում իրականությունը փոխելու հարցում։ Փոփոխություններ պետք է տեղի ունենան, բայց ո՞վ պետք է անի այդ փոփոխությունը՝ ինչ- որ ուրիշը, բայց ոչ երբեք ես։ Սա էր Հայաստանում տիրող հանրային կոսնսենսուսը։ Կարծում եմ Հայաստանում հեղափոխության հիմքը դրվեց այն ժամանակ, երբ մենք այս բանաձևը դարձրինք մեր պայքարի հիմնական թիրախ։ Մեր պայքարի սլաքներն ուղղեցինք այն ընկալման դեմ ու դա ձևակերպվեց մեր կուսակցության ծրագրի երկրորդ կետում հետևյալ կերպ․

«Կուսակցության անդամներն ընդունում են, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևոր գործոն է։ Կուսակցությանն իրենց անդամագրվելու պահը համարում են մի զրոյական հաշվարկային կետ, որից յուրաքանչյուրը սկսում է հանրային վերափոխման գործընթաց՝ այդ նպատակին միտված անելիքներից մեկը համարելով սեփական անձի վերափոխումը։ Կուսակցությանը անդամագրվելը ինքնահայեցման, հանրային և սեփական անհատական արատների պատճառահետևանքային կապը դիտարկելու, սեափական անհատական արատները զննելու և դրանցից ձերբազատվելու, հանրային արատները արմատախիլ անելու համար համատեղ պայքարելու պատրաստակամությունը։ Կուսակցության անդամը սեփական անձի զարգացումը, հմտությունների, գիտելիքների, իմացության ձեռքբերումը ու կատարելագործումը դիտարկում է իբրև հանրային բարեփոխումների զարգացման կարևորագույն բաղադրիչ»։  

Սա իսկապես հեղափոխական գաղափար էր, քանի որ ձևակերպվում էր մի միջավայրում, որտեղ քննադատության միակ և լեգիտիմ թիրախը իշխանությունն էր, ուրիշներ, օտար մարդիկ։

Բայց մյուս կողմից գաղափարական այս շրջադարձային փոփոխության համար մենք ահռելի քննադատության թիրախ դարձանք, որովհետև քննադատում էինք ոչ միայն մեզ, իշխանությանը, այլև ընդդիմությանը։ Մենք ասում էինք, որ 20 տարի քննադատել ենք իշխանությանը և գիտենք, թե ինչը այնպես չեն անում, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Գուցե ժամանակն է պարզել, թե մենք՝ ընդդիմությունը, ինչը այնպես չի անում։ Գուցե ժամանակն է պարզել, թե քաղաքացին ինչը այնպես չի անում։ Գուցե ժամանակն է խոստովանել, որ մենք բոլորս այն միջավայրն ենք, ուր ծաղկում է կեղծիքը, սուտը, կոռուպցիան։ Մեզ այս ամենի համար համարում էին ծախված, սուտ ընդդիմություն, իշխանության սպասարկու, որովհետև իշխանությանը քննադատելը ընդունված և հասկանալի գործելակերպ էր։ Իսկ մենք, որ քննադատում էինք նաև ընդդիմությանը, որոշ մեկնաբանությունների համաձայն ծառայություն էինք մատուցում իշխանությանը։ Մինչդեռ մեր համոզմունքն այն է, որ մինչև ընդդիմադիր դաշտը չմաքրվի, երկրում փոփոխություններ տեղի չէին ունենալու և սա ապացուցեց ժամանակը։

Երկրորդ կարևոր գաղափարը, որ բխում է առաջինից, անհատական ջանքն է, անհատական պատասխանատվությունը։ Մեր կանխավարկածը այն էր, որ մեզնից յուրաքանչյուրը իր բաժին մեղավորությունն ունի արատավոր երևույթների համար։ Մեկի մեղավորությունը շատ է, մյուսինը՝ քիչ, բայց չկա գեթ մեկ մարդ, որը մեղք չունի արատավոր իրականության ձևավորման գործում։ Եթե հաշվի առնենք, որ մեղավորությունը կարող է լինել նաև պասիվ, օրինակ՝ ինչ-որ բան չնկատելու տարրը, ինչ-որ ջանք գործադրելուց խուսափելը և հետևաբար նոր առանցքային գաղափարը հետևյալն էր, մեջբերում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի 4Դ կետից․«Անհատական ջանքը տնտեսական, քաղաքական, մարդու իրավունքների բնագավառում և հանրային կյանքի մյուս ոլորտներում զարգացման կարևոր գործոն, ասինքն՝ մեր ծրագրի համաձայն ցանակացած իրավիճակում խնդիրներ լուծել- չլուծելու կարևոր գործոններից մեկը անհատի, ամեն մարդու, վարքագիծն է, դիրքորոշումը»։

Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը, համաձայն կուսակցության ծրագրի 3Բ կետի, պարտավորվում էր․ «Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական հարձակման պարագայում ըստ անհրաժեշտության զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է որպես կամավոր մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված լինել այնպիսի գործողությունների այնպիսի տեսակով, որն ուղղակիորեն ծառայում է Հայաստանի ռազմական հաջողության ապահովմանը»։

Մենք այս դրույթն ընդունեցինք 2015 թվականի մայիսին և 2016 թվականի ապրիլի 2-ին բռնկվեց Ապրիլյան պատերազմը։ Այդ օրերին մենք բոլորս ներգրավված էինք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, քարոժարշավը գտնվում էր եռուն փուլում։ Հենց քարոժարշավի սկզբում հենց Հրազդանի քաղաքապետի թեկնածուն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն ժամանակ վարչության անդամ Սասուն Միքայելյանը իր գլխավորած Սասուն կամավորական ջոկատով միացավ ՀՀ զինված ուժերին։ Ապա ձևավորվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը և մարտական ծառայություն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում։ Այդ ջոկատի կազմում ընդգրկված էին այսօր արդեն ԱԺ նածագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախարարներ Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության այսօրվա քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը,«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Հրաչյա Հակոբյանը, Արամ Խաչատրյանը և այլոք։

Այո, մենք զենք վերցրեցինք և գնացինք մեր երկիրը պաշտպանելու, որովհետև դա մեր պարտավորությունն էր որպես քաղաքացի, որպես քաղաքական գործիչ։ Որպես այդ ջոկատի հրամանատար ուղիղ խնդիր էի դրել այդ ջոկատի մասնակիցների առաջ, որ բոլորս գիտակցենք, որ գնում ենք հանուն հայրենիքի զոհվելու, եթե այդպես ստացվի։ Ու մեր ծնկերը չէին ծալվի, մեր ձեռքերը չէին դողա մեր հայրենիքը պաշտպանելիս։  

Երրորդ գաղափարը ամրագրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի առաջին մասում։««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ձգտում են հասնել ՀՀ քաղաքացիների հասարակական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատմանը՝ հիմնված օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու իրավունքների պաշտպանության և կիրառելիության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, հայ ժողովրդի ազգային պետական ինքնության, ինքնիշխանության պահպանման և զարգացման, հայ ժողովրդի բնակության և զարգացման գերադասելի վայրի կարգավիճակը վերահաստատելու հրամանայականի վրա։ Սա նշանակում է, որ իր հայրենիքում անվտանգ ապրելու հայ ժողովրդի իրավունքը չի կարող և չպետք է որևէ մեկի կողմից կասկածի տակ առնվի։ Եվ մենք պետք է կարողանանք ապահովել մեր երկրի անվտանգության այնպիսի մակարդակ, որ ՀՀ բնակչության թիվը առաջիկա 20 տարիների ընթացքում կրկնապատկվի ՝ ինչպես ֆիքսված է մեր կուսակցության ծրագրի 4Ե կետում։ Այսպիսի մեկնաբանությունների վերաբրյալ 2 դիտարկում եմ ուզում անել։ Առաջինը՝ երբեմն հարցնում են, թե երբվանից պետք է հաշվել 20 տարվա մեկնարկային ժամկետը, երբեմն ասում են, թե աըդքան էլ իրատեսական չէ ՀՀ բնակչության թվի կրկնապատկումը այդ ժամանակահատվածում։ Ուզում եմ ընդգծել, որ առաջիկա 20 տարում ՀՀ բնակչությունը ոչ թե 100 տոկոսով աճի այլ 87, չեմ կարծում, որ մենք մեզ դժբախտ կզգանք։ Գաղափարն այն է, որ անկման միտումը պետք է փոխարինվի  աճի միտումով։

Աշխատանքը ՀՀ-ում պետք է դադարի չարչարանք լինելուց։ Մարդը պետք է հաճույք ստանա և սիրի իր աշխատանքը։ Հայաստանը մենք տեսնում ենք որպես բարձր տեխնոլոգիաների արտադրության երկիր։ Տեխնոլոգիաների արդյունաբերությունը, ռազմարդյունաբերությունը պետք է մեր երկրի արտադրուփյան լոգոմոտիվը դառնա։

Հիմա, երբ հեղափոխությունը տեղի է ունեցել մենք, պետք է որոշակի վերաբերմունք ձևավորենք այն ուժերի նկատմամբ, ովքեր երկար տարիներ Հայաստանում պայքարել են հանցավոր իշխանությունների դեմ և մենք էլ այդ ուժերի հետ հաճախ ներգրավված ենք եղել այդ պայքարում։

Մենք իսկապես ժողովրդավարական կուսակցություն ենք, կուսակցությունում բոլորի կարծիքը հավասարապես ազդեցիկ է։ Յուրաքանչյուր կուսակցական իր գործունեությամբ իր ազդեցությունը կարող է մեծացնել  ու փոքրացնել։ Այն, որ մեր կուսակցությունում ժողովրդավարական սկզբունքով են անցկացվում բոլոր ընտրությունները, դրա մեծ արտահայտումն է։ Բայց մեր փորձը ցույց է տվել, որ ժողովրդավարությունը հաճախ բերում է մարտահրավերներ։

Մեր գաղափարները պետք է դառնան ավելի հասկանալի, ըմբռնելի, պետք է զարգանան և համահունչ լինեն ժամանակներին և ժամանակի ամենաբարձր, ամենավեհ պահանջներին։

Հաջորդ կարևոր, գործնական  խնդիրը տարածքային կազմակերպությունների վերակազմավորումն է։ Ընդ որում, այս ընթացքում պետք է առաջնային դառնան տարածքային լիդերների ինտելեկտը, խարիզման, կրթությունը, պրոֆեսիոնալ հատկանիշները։ Մեր առաջիկա խնդիրը 2021 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին պատրաստվելն է։ Պետք է այդ ընտրություններին ներկայացնենք գործունակ, ակտիվ, պրոֆեսիոնալ ու համախմբված թիմեր ու թեկնածուներ»։

Պատրաստեց Գեղեցիկ Ոսկանյանը