17 հունիս, 2019 15:38

Ստավրոպոլում ավտովթարի հետևանքով Հայաստանի չորս քաղաքացի է հոսպիտալացվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հունիսի 17-ին՝ ժամը 13:41-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:25-ի սահմաններում «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 250-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 4 մարդատար, 1 բեռնատար ավտոմեքենաներ և 1 ավտոբուս:

Պատահարի հետևանքով տուժել է 6 մարդ, որոնցից 4-ը ՀՀ քաղաքացիներ՝ Վ.Ա.-ը (ծնվ.1978թ.), Կ.Մ.-ը (ծնվ.1985թ.), Ա.Ու.-ը (ծնվ.1970թ.) և Գ.Գ.-ը (ծնվ.1981թ.): Տուժածները հոսպիտալացվել են Նեվինոմինսկ քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ բժիշկները Վ.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Կ.Մ.-ինը և Ա.Ու.-ինը՝ բավարար, իսկ Գ.Գ.-ը հրաժարվել է բուժօգնությունից:

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում` «Կովկաս» դաշնային ավտոմայրուղու 250-րդ կիլոմետրին, ՀՀ պետհամարանիշներով մինիվենի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացվել է չորս ՀՀ քաղաքացի։

Դեսպանության կողմից ճշտված տվյալներով, տուժած քաղաքացիները տեղափոխվել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Ներկայում երեք քաղաքացի շարունակում է գտնվել բուժհաստատությունում։

Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների և բուժհաստատության ղեկավարության հետ։