18 հունիս, 2019 14:07

Մենք ընդհանրապես պետք է մտածենք համազգային բյուջե ունենալու մասին․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստին, որին ներկա են եղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Իհարկե հասկանալի է, որ հայկական ներուժը միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով չէ Հայաստանում ներդրումներ անում: Կան տասնյակ կազմակերպություններ և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում, որոնք անգնահատելի աջակցություն են ցուցաբերել, ցուցաբերում և դեռ համոզված եմ՝ կցուցաբերեն Հայաստանին և Արցախին: Բայց կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն այն, ինչ տեղի է ունենում, տեղի ունեցողի բովանդակային խորքը, այլև այն, թե ինչպես է դա երևում և ինչպես է դա պատկերվում դրսի հայացքի համար, կողքի հայացքի համար և, ի վերջո, մենք մեր խորքում, ինքներս մեզ հետ մենակ մնալիս, ոչ հրապարակային ի՞նչպիսի հարցեր ենք դնում տեղի ունեցողի կապակցությամբ:

Փիլիսիոփայական բնույթի հարցը հետևյալն է, որ մենք որպես ազգ, որպես ժողովուրդ պետք է փոխենք վերաբերմունքն այս ողջ գործընթացի նկատմամբ: Ինչ որ առումով «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ոչ թե առանձին վերցրած ծրագրերի իրականացման հնարավորություն լինի, այլ, ըստ էության, դառնա մեր համազգային բյուջեն: Մենք ընդհանրապես պետք է մտածենք համազգային բյուջե ունենալու մասին և պետք է փոխենք մեր վերաբերմունքն այդ համազգային բյուջեի նկատմամբ: Մեր կառավարության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն այն է, որ մենք ուզում ենք փոխել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը պետական բյուջեի նկատմամբ և այդ վերաբերմունքի կարևոր փոփոխությունը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ընկալի, որ այդ փողը ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ այդ փողը տալիս է ինքն իրեն, ինչպես ընտանիքում ծախսվում են փողերը տարբեր նպատակներով, այդպես էլ բյուջեում:

Այսինքն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար: Իհարկե, այս գաղափարաբանության շոշափելի էֆեկտը պետք է ապահովեն այդ գումարները ծախսողները, պետական բյուջեի դեպքում՝ կառավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեպքում՝ գործադիր մարմինը, հոգաբարձուների խորհուրդը:

Ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ հարցն ամենևին էլ փողը չէ, հարցը փիլիսոփայությունն է, պետք է շոշափելի, շատ ավելի մեծ և շատ ավելի անմիջականորեն ցույց տալ, որ ամբողջ հայությունը կանգնած է Հայաստանի կողքին, ամբողջ հայությունը կանգնած է սփյուռքի կողքին: Այո՛, 20-րդ դարում դրված խնդիրները լուծվել են, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ 21-րդ դարում մարտահրավերներն ավելի են լրջանում, մարտահրավերներն ավելի են ահագնանում և այդ ահագնացող մարտահրավերներին հայության արձագանքը, մեր բոլորի արձագանքը պետք է լինի համարժեք, որովհետև, ի վերջո, նախագահները, վարչապետները, կառավարություններն անցողիկ են, իսկ հայրենիքը հավերժ է, ժողովուրդը հավերժ է: Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությանը, հայրենիքի և ժողովրդի հավերժությունը մի հարց է, որը լուծում պետք է ստանա այսօր, ամեն օր այդ հարցը պետք է լուծում ստանա այսօր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի էության և բովանդակության փոփոխությունը ես տեսնում եմ հենց այս խնդրի լուծման մեջ և համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, անհրաժեշտ միասնություն, անհարժեշտ հմտություն և իմաստնություն մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժության օրակարգը սպասարկելու, մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությունն ապահովելու համար»։