18 հունիս, 2019 12:33

Միասին պայծառ է և էլեկտրաարդյունավետ․ Վանաձորում փառատոն անցկացվեց

Էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի զարգացման հարցը շարունակում է Հայաստանում հանրայնացվել։ Միջազգային կազմակերպությունները և պետական մարմինները գործադրում են տարբեր միջոցներ՝ հանրության հետաքրքրությունը էներգախնայողության վրա սևեռելու համար։ Հունիսի 15-ին Հայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում, անցկացվեց էներգաարդյունավետության փառատոն։

«Միասին պայծառ է» խորագիրը կրող փառատոնը տևել է երկու օր։ Հունիսի 15-ին Վանաձորի «Հայք» հրապարակում տեղակայված տարբեր տաղավարների շնորհիվ փառատոնի մասնակիցները ծանոթացել են էլեկտրախնայող սարքերին և էլեկտրաէներգիայի արտադրման նորագույն տարբերակներին։ Վանաձորցիներին ներկայացվել է, թե ամենօրյա օգտագործման տեխնիկան ինչպես կարող է ավելի էներգախնայող լինել, ինչպես առհասարակ պետք է տեխնիկա ընտրել, որպեսզի այն ոչ բնությանը վնասի, ոչ էլ՝ դրամապանակին։

Հունիսի 16-ին էներգաարդյունավետության փառատոնը շարունակվեց Վանաձորի ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում։ Մասնակիցները ներկա են գտնվել վերականգնվող էներգետիկայի մասին դասախոսությանը, ինչպես նաև «Էներգաարդյունավետ դպրոց» մրցույթի շրջանակում տարբեր դպրոցների աշակերտներ իրենց մշակած նախագծերն են ներկայացրել։

Փառատոնը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության համատեղ ջանքերով։ Կազմակերպիչները նախատեսում են փառատոնն ավանդական դարձնել՝ ընդգրկելով Հայաստանի մյուս մարզերը։

Ժաննա Պողոսյան