18 հունիս, 2019 11:12

ՌԴ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում․ Ռուբինյան

Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՌԴ դեսպանն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»,- հունիսի 17-ի երեկոյան գրել է Ռուբինյանը։

Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի ողջունում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Ես չեմ ողջունում Ռուսաստանի Դաշնության դեսպանի այդ հանդիպումը։ Ի վերջո որևէ երկրի դեսպան կարող է քաղաքական դաշտի ողջ սպեկտորի ներկայացուցչների հետ հանդիպել, այստեղ ուրիշ բան կա՝ այն մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս է դնում էդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից։ Այդտեղ շատ այլ որակների, շահագրգռությունների մասին է խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում։ Այսինքն՝ ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջունեի Ռուսաստանի դեսպանի կամ այլ որևէ դեսպանի շփումն իր հետ», – լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Միրզոյանը։

Օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակում հանդիպում է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։