19 հունիս, 2019 14:57

Արթուր Դավթյանը հույս ունի՝ Քոչարյանի գործով դատավորը բարոյահոգեբանական ճնշումների չի ենթարկվի

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատաքննությունը արհեստականորեն ձգձգելու միտում կա․ այս մասին նա հայտարարեց այսօր՝ Քոչարյանի գործով դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում։

«Եթե դուք նկատեցիք, նախորդ՝ մոտ 3 ժամ տևած նիստը, հարցուպատասխանի էր վերածվել։ Առնվազն բոլոր պրոֆեսիոնալ իրավաբաններիս համար ակնհայտ է գործի քննության ընթացակարգը։ Յուրաքանչյուրս պետք է իմանանք՝ դառնալով դատախազ, դառնալով փաստաբան, որ պահին պիտի ասելու իրավունք ունենք, որ պահին՝ լսելու իրավունք կամ պարտականություն ունենք»,- ասաց դատախազը։

«Մենք հույս ունենք, որ դատավորը բարոյական և հոգեբանական ճնշումների չի ենթարկվի՝ վստահ լինելով, որ Հայաստանում դատավորը պաշտպանված է»,- նշեց է ՀՀ գլխավոր դատախազը՝ փաստելով, որ այս պահի դրությամբ դատավորը որևէ ընթացակարգային խախտումներ թույլ չի տվել, իսկ եթե տված լիներ՝ մեղադրյալ կողմը իր դիրքորոշումը կհայտներ։

Ըստ Արթուր Դավթյանի՝  այսօր նիստը սկսվել է ինքնաբացարկի միջնորդությամբ, որի համար հիմք են հանդիսացել անցյալ օրվա ծավալած քննարկումները․ «Ես չգիտեմ միգուցե հիմա հետ գանք, հիմա էլ պարզվի, որ դատարանի կողմից որոշումը հրապարակելու ձևն է հիմք հանդիսանում ինքնաբացարկի»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ երկար ժամանակ խոսվում էր այն մասին, որ այս գործով «դատախազությունը անգործության է մատնված», դատախազը պատասխանեց, որ ինքը բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու այս հարցին․ «Դատախազությունը ապացույցներ գնահատող գործառույթ ունեցող պետական մարմին է։ Դատախազությունը ապացույցներ ձեռք բերող մարմին չէ։ Նա պահանջում է ձեռք բերել ապացույցներ և արդյունքում ձեռք բերվածը գնահատում է»։

LIVE. Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքների քննությունը Վերաքննիչում

Գեղեցիկ Ոսկանյան