19 հունիս, 2019 11:31

Ջոն Բոլթոնն այս շաբաթ կհանդիպի Մնացականյանի և Մամեդյարովի հետ

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը այս շաբաթ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ. այս մասին նա գրել է Թվիթերում։

«Սպասում եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներին՝ խրախուսելու նրանց միջև երկխոսության շարունակություն։ ԱՄՆ-ը պատրաստակամ է օժանդակելու խաղաղությանը տարածաշրջանում»,- գրել է Բոլթոնը։

Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում է, որտեղ այսօր կայանալու է նրա հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Բանակցություններին ընդառաջ տեղի է ունեցել Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

***

2018թ․ հոկտեմբերին Ջոն Բոլթոնն այցելել էր Հայաստան․ դա 1997-ից ի վեր ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի առաջին այցն էր Հայաստան։

Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ Բոլթոնը մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել։ Ղարաբաղյան կարգավորման մասին նա մասնավորապես ասել էր․ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ակնհայտորեն բարդ է, եթե հեշտ լիներ՝ արդեն լուծված կլիներ»։

«Ես այստեղ չեմ եկել փոխելու ԱՄՆ քաղաքականությունը կամ հանդես գալու նոր առաջարկներով, այլ ավելի շուտ՝ ծանոթանալու իրավիճակին։ Ի վերջո լուծումը պետք է կողմերը գտնեն»,- ասել էր ԱՄՆ նախագահի խորհրդականը և մեջբերել իր նախկին վերադաս Ջեյմս Բեյքերին, որը մեկ այլ հակամարտության հետ կապված ասել էր․ «Մենք չենք կարող ցանկանալ խաղաղություն ավելի, քան բուն կողմերը»։

Բոլթոնը նաև համոզմունք էր հայտնել, որ «Հայաստանի համար դրսի ճնշող ազդեցությունը կրճատելու ամենահստակ ճանապարհը ղարաբաղյան հարցի կարգավորման հասնելն է»։

Ստելլա Մեհրաբեկյան