20 հունիս, 2019 19:12

«Շուտով փոփոխությունները կզգաք». Գրիգոր Բեքմեզյանը ընտրվեց ԲԴԽ անդամ

Գրիգոր Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Նրա թեկնածությանը կողմ էին 107 պատգամավոր, դեմ՝ 4-ը։

«Մենք ճիշտ ուղու վրա ենք, ամեն ինչ շատ լավ է լինելու, վստահ եղեք՝ շուտով փոփոխությունները կզգաք»,- երդման արարողությունից հետո ասաց Բեքմեզյանը։ Նրա թեկնածությունը ներկայացրել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

Մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հատուկ ուղերձում հայտարարեց, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտությունների ժամանակը»։ Այս ուղերձը ԲԴԽ-ում հրաժարականների սկիզբ դրեց։ Հրաժարական ներկայացրեց նաև ԲԴԽ անդամ Գագիկ Հարությունյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը երաշխավորում է դատավորների անկախությունը։ Այս խորհուրդը հաստատում է դատավորների թեկնածուների ցուցակը, լուծում դատավորրների լիազորությունների դադարեցման հարցը, կարգապահական պատասխանատվության է ենթարկում դատավորներին։ Այն նաև տալիս է համաձայնություն, եթե կարիք կա դատավորի հանդեպ քրեական հետապնդում սկսել։ ԲԴԽ նաև նախագահին և ԱԺ-ին է ներկայացնում դատավորների թեկնածուներին։

https://youtu.be/-0zv3dvzpos 

Գևորգ Թոսունյան