20 հունիս, 2019 13:04

100 տարվա արդարադատություն․ 28-ամյա Գրիգոր Պետրոսյանից՝ 28-ամյա Ռուստամ Բադասյան

28-ամյա Ռուստամ Բադասյանի նշանակումը արդարադատության նախարարի պաշտոնում լավ առիթ է հիշելու և հիշեցնելու, թե ովքեր են եղել Հայաստանի թիվ մեկ արդարադատները 1918-ից մինչև մեր օրերը։

Հայաստանի Հանրապետության (1918-1920 թթ․) երկուսուկես տարիներին երկրում նշանակվել է արդարադատության 7 նախարար։

Առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում արդարադատության առաջին նախարարը եղել է անկուսակցական Գրիգոր Պետրոսյանը։ Նա ծնվել է 1889 թվականին, այսինքն՝ պաշտոնը զբաղեցնելու պահին եղել է ընդամենը 28 տարեկան։

Հայաստանի Հանրապետության տարիներին արդարադատության նախարարները նաև գլխավոր դատախազ էին։

Գրիգոր Պետրոսյանից հետո Հայաստանի արդարադատությունը իրականացրել են Սամսոն Հարությունյանը (Ժողովրդական), Հարություն Չմշկյանը (Ժողովրդական), Աբրահամ Գյուլխանդանյանը (ՀՅԴ), Արտաշես Չիլինգարյանը (ՀՅԴ), Համազասպ Օհանջանյանը (ՀՅԴ) և Արշամ Խոնդկարյանը (սոցիալիստ հեղափոխական)։

1920-1930 թվականներին Խորհրդային Հայաստանի արդարադատության ժողովրդական կոմիսարներ են եղել` Սարգիս Բաղդասարյանը, Սուլեյման Նուրին, Աղասի Վարդանյանը, Արտաշես Կարինյանը, Ալեքսանդր Շահվերդյանը, Դանիել Շահվերդյանը, Լևոն Վարդապետյանը, Զարմայր Աշրաֆյանը, Արմենակ Հովսեփյանը և Սարգիս Խանոյանը։

Ազգությամբ թուրք Սուլեյման Նուրին Ստամբուլից էր։ Խորհրդային Հայաստանի արդարադատության ժողովրդական կոմիսարի պաշտոնը նա զբաղեցրել է 1921 թվականի առաջին օրերից մինչև նույն տարվա փետրվարի 17-ը՝ մոտ մեկուկես ամիս։

1930-ին Խորհրդային Հայաստանում արդարադատության ժողկոմատը վերացվում է, այն վերականգնվում է 3 տարի անց` 1933թ-ին։ Մինչև 1941 թվականը այն կոչվում էր արդարադատության ժողովրդական կոմիսարիատ։ Այս շրջանում կոմիսարներ են եղել Պետիկ Թորոսյանը, Արմենակ Հովսեփյանը, Ռիզա Վելիբեկովը, Հաբեթ Աբաջյանը և Սաֆար Ալիմամեդովը։

Ազգությամբ ադրբեջանցի Ռիզա Վելիբեկովը Խորհրդային Հայաստանի արդարադատության ժողկոմ է եղել 1937 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նույն տարվա նոյեմբերի 2-ը՝ ընդամենը մեկ ամիս: Մեկ այլ ադրբեջանցի՝ Սաֆար Ալիմամեդովը, այդ պաշտոնը զբաղեցրել է շուրջ երկուսուկես տարի՝ 1938 թվականի հուլիսի 14-ից մինչև 1940-ի դեկտեմբերի 27-ը:

1941-ից արդարադատության ժողկոմատը վերանվանվել է Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստրության։ Մինիստրներ են եղել Քաջիկ Հակոբյանը, Գառնիկ Նազարյանը, Հայկ Մեղավորյանը, Աղասի Կարապետյանը, Արտավազդ Գևորգյանը, Արմեն Աշրաֆյանը։

1991-ի անկախության նվաճումից հետո Հայաստանը ունեցել է արդարադատության 10 նախարար։ Ահա նրանք և ժամանակահատվածը․ Վահե Ստեփանյան՝ 1991-1996, Մարատ Ալեքսանյան՝ 1996-1998, Դավիթ Հարությունյան՝ 1998-2007 և ապա 2017-2018, Գևորգ Դանիելյան՝ 2007-2010, Հրայր Թովմասյան՝ 2010-2014, Հովհաննես Մանուկյան՝ 2014-2015, Արփինե Հովհաննիսյան՝ 2015-2017, Արտակ Զեյնալյան՝ 2018-2019։

Ինչպես նկատում եք, 100 տարվա ընթացքում Հայաստանը ունեցել է միայն մեկ կին արդարադատության նախարար։

 

Լուսանկարում՝ Առաջին հանրապետության արդարադատության առաջին նախարար Գրիգոր Պետրոսյանը