21 հունիս, 2019 11:47

Ջրցան, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ․ Թբիլիսիում փորձել են պաշարել խորհրդարանի շենքը

Հունիսի 20-ին Թբիլիսիսում տեղի է ունեցել բողոքի բազմահազարանոց ակցիա՝ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և այլ պաշտոնյաների հրաժարականների պահանջով։ Ցուցարարների մի մասը եկել էր Եվրամիության դրոշներով և «Ռուսաստանը օկուպանտ է» գրությամբ պաստառներով։ Ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենքի տարածք։ Ոստիկանությունը ցույցը ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ։

Ոստիկանական գործողությունների արդյունքում տուժել է մոտ վեց տասնյակ մարդ, մի մասը հոսպիտալացվել է։ Տուժածներից 38-ը ոստիկան են։ Վիրավորների թվում կան նաև լրագրողներ՝ վրացական TV Pirveli, Rustavi2, Առաջին ալիք հեռուստաալիքներից, ինչպես նաև Reuters-ի և Kavkaz-uzel.eu լրատվականներից։

Ցույցը բռնկվել է այն բանից հետո, երբ նույն օրը Ուղղափառության միջխորհրդարանական 26-րդ վեհաժողովի ժամանակ նիստը նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռը, ինչը զայրացրել է ներկաներին։ «Եվրոպական Վրաստան» և «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները մոտեցել են ամբիոնին և խափանել նիստը, տեղի է ունեցել քաշքշուկ։

Նիստին մասնակցող՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, լքել է նիստերի դահլիճը։ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում գրել է, որ «իրավիճակը հաճելի չէր․ մի կողմից դաշնակից երկիր էր, իսկ մյուս կողմից՝ եղբայրական ժողովուրդ»։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, որն այդ պահին այցով գտնվում էր Ադրբեջանում, հայտարարել է․ «Ռուսաստանը երկիր է, որն օկուպացրել է մեր տարածքների 20 տոկոսը, իսկ այդ երկրի պաշտոնական ներկայացուցիչը նստել էր խորհրդարանի նախագահի աթոռին, ինչին նայելը դժվար էր։ Ցավոք, ես հնարավորություն չունեի անհապաղ հրապարակայնորեն արձագանքելու, քանի որ Վրաստանում չեմ գտնվում։ Երբ լսեցի այդ մասին, անմիջապես պահանջեցի դադարեցնել նիստը», - ասել է Կաբախիձեն։ Նրա խոսքով՝ ՌԴ գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն քրիստոնեության և ուղղափառության հետ, և խորհրդարանի նիստերի դահլիճում պատահածը անընդունելի էր։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով կատարվածին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողո՞վ։ Այստեղ ոչ մի ուղղափառ բան չկա։ Ռուսաստանի համար սա սովորական միջոց է՝ օգտագործելու կրոնը քաղաքական նպատակներին հասնելու համար։ Եվ եթե դա այդպես է, ինչո՞ւ ենք մենք խաղում այդ քաղաքական խաղը»։

Սերգեյ Գավրիլովի մեկնաբանությունը՝ «Կոմերսնատ» թերթին

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի խնդրանքով Գավրիլովը մեկնաբանել է խոսնակի աթոռին նստելու որոշումը։ Նա մասնավորապես ասել է, որ այնտեղ է հայտնվել հրավիրող կողմի առաջարկով՝ որպես Վեհաժողովի նախագահող։ Գավրիլովի խոսքով՝ այլ երկրներում նույնպես ինքը զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի տեղը, և ոչ մի խնդիր չի եղել։ 

«Որտեղ տանտերերը նստեցնեն, այնտեղ էլ կնստեմ»,- ասել է Գավրիլովը՝ հավեվելով, որ «դահլիճ են ներխուժել ծայրահեղականները, գրավել ամբիոնն ու ոչնչացրել փաստաթղթերը»։

Լուսինե Վարդանյան