22 հունիս, 2019 14:45

Արմեն Սարգսյանը հանդիպել է Airbus-ի և Air Asia-ի ղեկավարների հետ

Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում Հայաստանի  նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։ 

Սարգսյանը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված նոր մոդելների տեխնիկական հնարավորություններին ու դրանցում կիրառվող նորարարական լուծումներին:

Ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին, առաջարկել այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ առկա ներուժին: Նա մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում, որոնք հեռանկարային կարող են լինել Airbus-ի հետ համագործակցության առումով: Airbas-ի ներկայացուցիչները Հայաստան այցելելու պատրաստակամություն են հայտնել:

***

Արմեն Սարգսյանն այցելել է նաև Air Asia ընկերության տաղավար: Ընկերությունը համարվում է ասիական տարածաշրջանի ամենահայտնի և ամենապահանջված լոուքոսթերը:

Air Asia ընկերության գործադիր տնօրեն Թոնի Ֆերնանդեսի հետ նախագահը քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները և առաջարկել գործունեության համար դիտարկել նաև հայաստանյան շուկան: Արմեն Սարգսյանը նրան հրավիրել է այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ փոխգործակցության հնարավորություններին:

Թոնի Ֆերնանդեսը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդունել է Հայաստան այցելելու հրավերը: