24 հունիս, 2019 13:06

«Վրացական երազանքը» բավարարել է ցուցարարների պահանջներից մեկը

Վրաստանում 2020թ․ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով․ այսօր «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության քաղխորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է քաղաքական այդ ուժի հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

Այսպիսով՝ Վրացական երազանքը բավարարել է Թբիլիսիում հունիսի 20-ից անցկացվող բողոքի ակցիաների մասնակից քաղաքացիների պահանջներից մեկը։ Ավելի վաղ ցուցարարների պահանջով հրաժարական էր տվել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։

 ««Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հանդես է գալիս քաղաքական լայնամասշտաբ բարեփոխման նախաձեռնությամբ։ 2020-ի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական համակարգով՝ զրոյական, կրկնում եմ, զրոյական ընտրական շեմի պայմաններում»,- ասել է Իվանիշվիլին հանդիպումից հետո։

Գործող Սահմանադրությամբ՝ ընտրական համակարգի փոփոխությունը՝ խառը ընտրական համակարգից բացառապես համամասնականի, ծրագրվում էր 2024-ի ընտրություններին ընդառաջ։

Խառը համակարգը ենթադրում է 77 պատգամավորների՝ կուսակցական ցուցակներով, 73-ի՝ միամանդատ շրջաններում ընտրություն։

***

Հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի ցույց՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և այլ պաշտոնյաների հրաժարականների պահանջով։ Մոտ 10-հազարանոց ցույցի մասնակիցները փորձել են պաշարել խորհրդարանի շենքը, ոստիկանությունը դիմել է գործողությունների՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ։ Բողոքի պատճառ է դարձել նույն օրը՝ ավելի վաղ, Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական 26-րդ վեհաժողովի ժամանակ ՌԴ Պետդումայի պատվիրակի կողմից Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելու փաստը։ Վրաստանի հայալեզու՝ «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորայր Գասպարյանը Ստելլա Մեհրաբեկյանին ականատեսի աչքերով պատմում է տեղի ունեցածի մասին և մեկնաբանում երկրում տիրող ներքաղաքական վիճակը։