24 հունիս, 2019 16:43

Հանրությունը պահանջում է արդարացնել հորը սպանած Խաչատուրյան քույրերին

2018-ի հուլիսին ռուսաստանաբնակ երեք հայ քույրեր Քրիստինա, Մարիա և Անգելինա Խաչատուրյանները սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին։ Պատճառը՝ հոր կողմից իրենց նկատմամբ պարբերական բռնություններն ու սեռական ոտնձգություններն էին։

Աղջիկները հորը դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել։ Սպանությունից հետո նրանք զանգել են ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին։

Աղջիկները պատմում են, որ հայրը մշտապես վատ է վերաբերվել իրենց՝ հայհոյել, ծեծել, անգամ սեռական բռնության ենթարկել։

Ինչպես պարզել է «Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ-ն», աղջիկների մորը՝ մոլդովացի Աուրելիա Դունդուկին, հայրը վռնդել է տանից և երեխաներին արգելել շփվել նրա հետ։ Որդին՝ Սերգեյը, սակայն, շարունակել է կապ պահել մոր հետ, ինչի հետևանքով հայրը նրան նույնպես վռնդել է տանից ու մնացել երեք դստրերի հետ:

Դեպքի քննության ժամանակ պարզված հանգամանքներից որոշները դեռ ապացուցված չեն, սակայն ՌԴ քննչական մարմինների հրապարակած մի քանի ձայնագրություններում լսվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը բղավում է դուստրերի վրա, վիրավորում, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։

Խաչատուրյան քույրերը ցուցմունք տալիս նշում են հոր կողմից պարբերաբար կատարված սեռական բռնության մասին։ Այդ մասին վկայություն է տվել նաև աղջիկների եղբայրը։ Սերգեյը պատմել է, որ քույրերից մեկը զանգել է իրեն և օգնության կանչել՝ ասելով, որ հայրը կրտսեր քրոջը ստիպում է լոգանք ընդունել իր հետ։  

Խաչատուրյանների հարևանները ևս բողոքել են Միխայիլից՝ ասելով, որ նրանց տանից մշտապես աղմուկ է եղել, նա ուշ է տուն վերադարձել, մոտը զենք է ունեցել և դրանով հաճախ սպառնացել հարևաններին, օգտագործել է թմրանյութեր:

Քննության ժամանակ նույնպես նրա տանը և մեքենայում հայտնաբերվել են զենքեր և թմրանյութեր։

Մի քանի ամիս տևած քննությունից հետո թվում էր, թե քույրերին հնարավոր է արադարացնել, սակայն հունիսի 14-ի քույրերին առաջադրված մեղադրանքը (խմբակային կանխամտածված սպանություն) աղջիկներին սպառնում է մինչև  20 տարվա ազատազրկում։

Իրավապաշտպաններն այժմ պայքարում են, որ մեղադրանքը հանվի՝ ապացուցելով, որ աղջիկների արածը բացառապես ինքնապաշտպանություն է, և որ նրանք այդ քայլին ստիպված են գնացել։ Ի պաշտպանություն քույրերի՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր ու երթեր են տեղի ունենում։

Քաղաքացիները նախաձեռնել են օնլայն ստորագրահավաք, որի միջոցով հասարակությունը իր աջակցությունն է հայտնում աղջիկներին։ Ստորագրահավաքին արդեն մասնակցել է մոտ 170,000 մարդ։

Խաչատուրյան քույրերի դեպքին անդրադարձել են նաև հայտնի մարդիկ, այդ թվում՝ երաժիշտ Սերժ Թանկյանը, որը դատապարտել է ընտանեկան բռնությունն ու դատական իշխանությանը։

Մոտ մեկ ամսից կմեկնարկեն Խաչատուրյան քույրերի գործով դատական լսումները։ Այս ընթացքում ակտիվիստները և իրավապաշտպանները փորձում են հասարակական ճնշման միջոցով ազդել դատարանի որոշման վրա և հասնել քույրերի արդարացմանը։

Ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի՝ հունիսի 24-ին բողոքի ցույց տեղի կունենա նաև Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան առջև։

 

Սաթենիկ Հակոբյան