24 հունիս, 2019 17:14

Մարտի 1-ի գործով երկու դատավորների անվտանգությունը կապահովի ոստիկանությունը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը օրեր առաջ դիմել է ոստիկանություն` իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով․ տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Արմեն Դանիելյանի վարույթում է գտնվում Մարտի 1-ի անջատված գործը, որով մեղադրանք է առաջադրվել նախկին պաշտոնատար անձանց, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Այս տարվա մայիսի 18-ին և 20-ին առաջին ատյանի դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացրեց երկու որոշում․ առաջինով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, իսկ երկրորդով Մարտի 1-ի գործի վարույթը կասեցվել էր ու գործն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ Դատարանի երկու այս որոշումները վերաքննիչում վիճարկում է մեղադրող կողմը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։ Դատարանն իր որոշումը կհրապարակի հունիսի 25-ին։

Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ևս դիմել էր ոստիկանություն նույն խնդրանքով, ինչ Արմեն Դանիելյանը։

Գևորգ Թոսունյան