24 հունիս, 2019 15:02

Ռուսաստանը վրացական ալկոհոլի «որակի վատթարացում է բացահայտել»

Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», բացահայտել է, որ «վերջին տարիներին վրացական ալկոհոլի որակը վատթարացել է»։

Ծառայության տվյալներով՝ 2014-2018թթ․, 2,9 անգամ (մինչև 203 հազար լիտր) ավելացել է վրացական ալկոհոլի քանակը, որը չի համապատասխանում պահանջներին։ Այդ պատճառով գերատեսչությունը ուժեղացրել է վրացական արտադրանքի որակի վերահսկողությունը։ 

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության՝ Գինու ազգային գործակալության տվյալներով՝ Ռուսաստանին բաժին է ընկնում վրացական ոգելից խմիչքների գրեթե կեսը։ Ռուսաստանի գինու մատակարարների շարքում 3-4-րդ տեղը զբաղեցնում է Վրաստանը։

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների հերթական սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Թբիլիսիում սկսվել են բողոքի ակցիաներ՝ հակառուսական կարգախոսներով։ Բողոքի պատճառ է դարձել Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական 26-րդ վեհաժողովի ժամանակ ՌԴ Պետդումայի պատվիրակի կողմից Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելու փաստը։ 

Հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ արգելելով ՌԴ ավիաընկերություններին Վրաստան տեղափոխել ռուսաստանցիներին։ Արգելքը ուժի մեջ է մտնելու հուլիսի 8-ից։ 

Հունիսի 23-ին «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը կոչ է արել տնտեսական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ։

Կարդացե՛ք նաև՝

«Վրացական երազանքը» բավարարել է ցուցարարների պահանջներից մեկը