25 հունիս, 2019 12:25

Երեք հնարավոր պատճառ, թե ինչու է Ռուսաստանը պատժում Վրաստանին  

Ռուսական Republic.ru կայքի հոդվածագիր Անդրեյ Սինիցինը վերլուծում է հնարավոր պատճառները, թե ինչու է Ռուսաստանը սրում Վրաստանի հետ հարաբերությունները։ Նա գրում է, որ իր քաղաքացիներին անվտանգության նկատառումներով պատժելը Ռուսաստանի իշխանության համար սիրելի զբաղմունք է։ Իր «Միայն թե պատերազմ չլինի։ Ինչո՞ւ է Պուտինն արգելել թռիչքները Վրաստան» հոդվածում Սինիցինը բերում է երեք հնարավոր պատճառ։

1․ Ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինը Վրաստանի վրա ատամ ունի դեռ Սաակաշվիլիի կառավարման ժամանակներից, իսկ այստեղ ամեն ինչ տհաճորեն համընկավ։ Հինգշաբթի Պուտինի ուղիղ եթերն էր լրագրողների հետ, որտեղ նրան չհաջողվեց իր սիրելի արտաքին քաղաքականությունից հաղթական վերադառնալ գրեթե մոռացված ներքին քաղաքականություն։ Գնալով ավելի քիչ հեռուստադիտողներ են նայում այդ հեռուստաարտադրանքը։ Եվ հենց այդ պահին՝ ցույց Թբիլիսիում, որի մասնակիցները նաև հակապուտինական կարգախոսներ էին հնչեցնում։ Դրանցից մեկը, որը վիրավորական է, չենք կարող մեջբերել, բայց դուք այն գիտեք․ այն շատ հայտնի է Ուկրաինայում (չխառնել ռուսական հայտնի կարգախոսի հետ․ մերում լրացուցիչ «հեքիաթային» որոշիչը կա)։ Պուտինին թերևս թղթապանակով լուսանկարներ են բերել, և ահա արդյունքը։

2․ Արգելքը Պուտինի վրա սարքել են (ինչպես Իվան Գոլունովի դեպքում՝ թմրադեղերը)։ Տնտեսության մեջ գործերը վատ են, այն ռուսները, որոնք դեռ գումար ունեն, այնքան էլ չեն շտապում դրանք Ղրիմում և Սոչիում ծախսել։ Հարկավոր է ներմուծումը փորձված միջոցով փոխարինել ։ Միանգամայն դավադրական կլիներ այն տարբերակը, որ ռուսական հատուկ ծառայությունները պատգամավոր Գավրիլովի հետույքով անցկացրել են բազմաքայլ կոմբինացիա և Թբիլիսիում անկարգությունների կանխատեսումներով։ Շատ հնարավոր է նաև Վրաստանի դեպքերին արագ արձագանքը։ Մեր երկրում պաշտոնյաները սիրում են զբաղվել բիզնեսով, կարող են նաև տուրիստական բիզնեսների հետևում կանգնած լինել։

3․ Նորից պետք է փոքրիկ, հաղթական պատերազմ։ Թեկուզ ոչ թեժ, կարևորը քարոզչության մեջ թշնամու կերպարը ակտիվացնելն է։ Ռուսները շատ դժգոհ են դարձել, նախագահի վարկանիշը շարունակում է ընկնել։ Ուրեմն՝ ի՞նչ ունենք մենք՝ Սիրիա՞, Ուկրաինա՞, Բելառո՞ւս, Վրաստա՞ն։ Կարծես թե ուրիշ բան չկա։ Սիրիայի հետ այս անգամ էլ ոչինչ չստացվեց։ Ուկրաինայի համբերության բաժակը արդեն լցվել է, և հետո էլ նախագահը այնտեղ հայտնի կատակերգու է։ Բատկայի հետ կարծես թե պայմանավորվել ենք աստիճանական ինտեգրացիայի մասին։ Իսկ Վրաստանում վաղուց ոչինչ չի եղել, եկեք մի բան անենք։

Ձեռքի հետ էլ Բատկային կօգնենք․ «Բելավիան» սովորաբար Ռուսաստանի քաղաքացիներին տանում է այնտեղ, որտեղ նրանք ուզում են։

Բացի այդ, սեփական քաղաքացիներին անվտանգության պատրվակով պատժելը ռուսական իշխանությունների սիրելի զբաղմունքն է։ Ահա նախագահը ստիպված եղավ չորս երկրով «ընդլայնել հանգստի աշխարհագրությունը» ռուսական ոստիկանության համար․ դրա համար պատասխան է տալիս միջին խավը, որը սիրում էր հանգստանալ Վրաստանում։

Լուսինե Վարդանյան