25 հունիս, 2019 16:05

Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացնելով։ Դատարանը նաև բեկանեց առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ: 

Այս տարվա մայիսի 18-ին և 20-ին առաջին ատյանի դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացրեց երկու որոշում․ առաջինով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, իսկ երկրորդով Մարտի 1-ի գործի վարույթը կասեցվել էր ու գործն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ Դատարանի երկու այս որոշումները վերաքննիչում վիճարկում է մեղադրող կողմը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքն ավելի վաղ հայտարարել էր, որ այսօրվա նիստին «ոչ նախագահ Քոչարյանը, ոչ պաշտպանական խմբի անդամները և ոչ էլ Քոչարյանների ընտանիքի անդամերը ի նշան բողոքի չեն մասնակցելու»։