26 հունիս, 2019 12:03

Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության՝ Գավառի տարածքային բաժնի պետը․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության՝ Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր։ Հաղորդագրությունը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին
ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-
հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ
սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք
պահանջելու և ստանալու դեպքեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության
Գավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանց
օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում աշխատանքային
ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կենսաթոշակառուների առավել բարձր
կենսաթոշակի գումարի չափն ապահովելու համար, վերջիններիցս 2019թ. հունվարից առ այսօր պահանջել
և ստացել է յուրաքանչյուրից մինչև 300 հազար ՀՀ դրամի, ընդհանուր առմամբ՝ առանձնապես խոշոր
չափերով 1.280.000 ՀՀ դրամի չափով կաշառք:

2019թ. հունիսի 19-ին հերթական կաշառքը՝ 210 հազար դրամի չափով, ստանալու պահին նշված պաշտոնատար անձը և կաշառք տվողը բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Գումարը հայտնաբերվել է քաղաքացու անձնագրի միջից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է
քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Նշված պաշտոնատար անձին մեղադրանք է
առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։